Թավշյա հեղափոխության հաղթանակից հետո նախկին վարչապետ Սերժ Սարգսյանը գրեթե չէր երևում հանրային հարթակներում: Մամուլում պարբերաբար հրապարակումներ էին լինում, որ ՀՀԿ նախագահը մասնակցել է կուսակցության ԳՄ նիստերին, ինչը վկայում էր այն մասին, որ ի տարբերություն Լևոն Տեր-Պետրոսյանի և Ռոբերտ Քոչարյանի, ովքեր պաշտոններին հրաժեշտ տալուց հետո համառորեն խուսափում էին հրապարակային քաղաքականությամբ զբաղվելուց՝ Սերժ Սարգսյանը դեռևս չի պատրաստվում համալրել երիտասարդ թոշակառուների ցանկը:

Կիրակի օրը Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը ընդունել էր Միջազգային ժողովրդավարական երիտասարդական միության (IYDU) անդամներին, որոնք այս օրերին Հայաստանում են՝ մասնակցելու «Ժողովրդավարությունը՝ գործողության մեջ» խորագրով հավաքին: Թերևս նման խորագրով հավաքը կազմակերպվել էր մինչ Սերժ Սարգսյանի հրաժարականը, այն պարզ պատճառով, որ այսօր նման խորագիրը ՀՀԿ համար բախտի չար կատակ է հիշեցնում: Սակայն ինչ-ինչ պատճառներով, Սարգսյանը չի հրաժարվել այս միջոցառման անցկացումից, ավելին՝ անձամբ է այն «պատվել»: Այսօր էլ Սարգսյանը, այլ կարկառուն հանրապետականների հետ, Կոմիտասի անվան պանթեոնում էր՝ վաղամեռիկ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի ծննդյան օրվա առթիվ: 

Սարգսյանի այս ակտիվությունն ունի իր պատճառները՝ ՀՀԿ նախագահի գլխավոր խնդիրն այս պահին կուսակցության քաղաքական թևի միասնականության պահպանումն է, իսկ դա հնարավոր է միայն Սերժ Սարգսյանի հրապարակային ակտիվության միջոցով: Քաջ գիտակցելով, որ գալիք արտահերթ ընտրություններում Հանրապետական կուսակցությունը չունի որևէ լուրջ ակնկալիքներ, այս պահին Սարգսյանը փորձում է  ասոցացվել քաղաքականության, ընդդիմադիր գործունեության հետ՝ նպատակ ունենալով իրեն տարանջատել քրեաօլիգարխիայից, որն այս օրերին լքում է հանրապետական կուսակցության շարքերը: Եթե հաշվի առնենք, որ տեղեկատվությունը թե վերջիններս լքում են ՀՀԿ շարքերը հենց Սարգսյանի հետ պայմնավորվածության արդյունքում, ապա կարելի է ասել, որ նախկին վարչապետի ակտիվ հանրային քաղաքականությունից չհեռանալը նաև հեռահար նպատակներ է հետապնդում:Մյուս կողմից առկա է Կրեմլի բացահայտ անվստահությունը Հայաստանի նոր իշխանությունների վարած արտաքին քաղաքականության նկատմամբ, և այս տեսանկյունից  ռուսական կողմի անվտանգության բարձիկը ի դեմս ՀՀԿ-ի և Սերժ Սարգսյանի մշտապես պետք է պատրաստ լինի  ներկայանալ որպես  միակ ինստիտուցիոնալ ընդդիմություն և գործող կառավարության միակ այլընտրանք: