Հայաստանի խորհրդարանը հունիսի 13-ի նիստի մեկնարկին քվեարկությամբ ընդունեց մի շարք օրենսդրական նախաձեռնությունները:

ԱԺ-ն 96 կողմ քվեարկությամբ երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը:

ԱԺ-ն ընդունեց կառավարության կողմից ներկայացված «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ: Նախագիծն ընդունվեց 91 կողմ քվեարկությամբ:

«Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց 70 կողմ, 1 դեմ, 22 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ:

Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Նոտարիատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Նախագծին կողմ քվեարկեց 95 պատգամավոր:

«Արդարադատության ակադեմիայի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը ևս ընդունվեց 94 կողմ քվեարկությամբ:

ԱԺ-ն ընդունեց նաև սահմանադրական օրենքի նախագծեր պարունակող օրենքի նախագծերի փաթեթներ, որը պետք է ընդունվեր պատգամավորների թվի առնվազն 3/5-րդով:

«Տեղական հանրաքվեի մասին» և կից ներկայացված օրենքների փաթեթը, ինչպես նաև «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը և կից ներկայացված փաթեթն ընդունվեց 96 կողմ քվեարկությամբ: