ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ Երեւանի քաղաքապետարանի պաշտոնատար անձինք, կառուցապատման եւ գույքի ձեւակերպման համապատասխան թույլտվություններ տրամադրելու դիմաց, բացի օրենքով սահմանված վճարումներից, քաղաքացիներին պարտադրել են «Երեւան» հիմնադրամին փոխանցել խոշոր չափերով գումարներ:
  
Այս խնդիրների մասին մասնագետներն ու լրատվամիջոցները տարիներ շարունակ բարձրաձայնել են, բայց որևէ ընթացք չի տրվել հարցին, թե արդյո՞ք նպատակային են ծախսվում հիմնադրամի գումարները:  Երեւանի քաղաքապետարանում տիրող կոռուպցիան ու կատարված չարաշահումներն իրենց ծավալներով ու հնարամիտ մեխանիզմների գործադրմամբ իրոք ապշեցնող են: Այս հարցում Տարոն Մարգարյանին կնախանձեր անգամ Օստապ Բենդերը, որը հպարտանում էր, թե ինքը փող վճարելու 400 համեմատաբար ազնիվ միջոցներ ունի: Հիմնադրամը ստեղծվել է դեռ 2007թ. եւ իրականացնում է հետեւյալ ծրագրերը` «Երեւանի բարեկարգման, կանաչապատման, կառուցապատման, հովանավորության կարիք զգացող կրթական, մշակութային, մարզական եւ գիտական կազմակերպություններին, տոնական, մշակութային, մարզական միջոցառումների, միջազգային կապերի ինտենսիվ զարգացման օժանդակություն»: Այսինքն` այս հիմնադրամը օժանդակում է, որ Երեւանը բարեկարգվի, կանաչապատվի ու կառուցապատվի: Միայն թե մայրաքաղաքային ծրագրերին այդ օժանդակությունն իրականացվում է նույն մայրաքաղաքի բյուջեից: Այլ կերպ ասած՝ փակ շղթա է ստացվել. Երեւանի ավագանու որոշմամբ քաղաքապետարանը համայնքային բյուջեից գումարներ է հատկացնում այն կազմակերպությանը, որի նախագահն անձամբ քաղաքապետ Տարոն Մարգարյանն է, եւ ահա այդ հիմնադրամն էլ այդ միջոցներից օժանդակում է քաղաքապետարանին տարբեր ծրագրեր իրականացնելիս:
 
Թե հիմնադրամը կոնկրետ ինչ ծրագրեր է ֆինանսավորել ու ինչ գումարի սահմաններում, նախկին իշխանությունները խնամքով թաքցնում են: Գուցե այդ տեղեկատվությունը վերջնականապես ոչնչացնելու նպատա՞կ էր հետապնդում Հիմնադրամի փակման վերաբերյալ որոշումը, որը պետք է կայացվեր Երևանի ավագանու գալիք նիստում: Սակայն ԱԱԾ-ն այստեղ էլ է առաջ անցնում՝ փաստացի՝ կանխելով իրադարձությունների նման զարգացումը: Տարոն Մարգարյանին մնում է աշխատել՝ վարչապետի հորդորին սպասելով: Նա, կարծես թե, զրկված է այլընտրանքից և առավելագույնը կարող է մի փոքր հետաձգել հորդորի պահը:
 
 
Ստելլա Խաչատրյան