«Միացյալ Երիտասարդական Լիգա» երիտասարդական նախաձեռնությունը հունիսի 24-ից նախատեսում է փողոցային պայքար սկսել Պարտադիր կուտակային կենսաթոշակային կասկածելի ծրագրի դեմ։ Նախաձեռնությունը հայտարարում է, որ եթե մինչև հունիսի 24-ը չլինի օրենքի սառեցում և օրենքի չեղարկման կամ փոփոխման տարբերակների քննարկում, ապա պատրաստ է անգամ Սահմանադրությամբ ամրագրված իրավունքներով սկսել փողոցային պայքար այդ օրենքի դեմ։ Փողոցային պայքարը, փաստորեն, դառնում է այլընտրանք, եթե երկրի գործադիր իշխանությունը հաշվի չառնի ժողովրդի կարծիքը։

Փաշինյանի կաբինետի համար խնդիրներն առաջանում են մի հարցում, որտեղից թերևս դրանք ամենաքիչն էին սպասվում: «Անշառ» համակարգը նախարար-վարչապետ վեճի և մեկ այլ նախարարի հրաժարականի պատճառ դարձավ՝ շատ վերլուծաբանների ստիպելով ենթադրել, որ նոր կառավարությունը սկսել է ճաք տալ: Որքան ջուր դեռ կխլի այս խմորը՝ դժվար է ասել, սակայն եթե համակարգի դեմ բողոքը ստանա փողոցային պայքարի տեսք՝ առնվազն հետաքրքիր է՝ ինչպե՞ս իրեն կդրսևորի Փաշինյանի նոր իրավապահ համակարգը: Ի՞նչ կհակադրի Օսիպլյանի կառույցը բարիկադներից այն կողմ գտնվող քաղաքացիների պահանջին: Ըստ այդմ, հնարավոր կլինի դատել նաև իրավապահ համակարգի բարեփոխումների իրական կամ ֆեյք լինելու մասին:

Մյուս կողմից, հետաքրքիր է նաև, թե ինչպիսի ճակատագրի կարժանանա Կուտակայինը՝ ԱԺ մտնելուց հետո: Թերևս դժվար չէ կռահել, որ խորհրդարանում ներկա բոլոր ուժերը կփորձեն դիվիդենտներ շահել՝ հիմք ընդունելով նաև փողոցում ծավալվող պայքարը՝ եթե գործը, իհարկե, դրան հասնի: Առաջին հերթին սա վերաբերում է խորհրդարանական մեծամասնությունից զրկված ՀՀԿ-ին: Զարմանալի չի լինի, եթե Հանրապետականը որոշի դեմ քվեարկել՝ Փաշինյանի դեմ մարտի հանելով նրա իսկ զենքը՝ փողոցն է այդպես պահանջում: Բացի այդ, ՀՀԿ-ն հնարավորություն կունենա միավորներ շահել՝ դեմ քվեարկելով հանրության մեծամասնության կողմից անընդունելի համարվող նախագծի դեմ: Միանշանակ դեմ է լինելու ՀՅԴ-ն. կառավարության նիստում բանավեճը, դրան հաջորդած հայտարարությունները դրա վառ վկայությունն են: ՀՅԴ-ն էլ այսպես կփորձի վերադարձնել իր՝ սկզբունքային ուժի երբեմնի համբավը: Փաշինյանի գործերը բարդանում են այնքանով, որ անգամ հարազատ ԵԼՔ դաշինքը կարող է դեմ քվեարկել կառավարության բերած նախագծին: Խոսքը հատկապես ԵԼՔ-ի «լուսավոր» հատվածի մասին է:

Կարելի է ենթադրել, որ Փաշինյանի հույսը ԲՀԿ-ն է, որը, սակայն, իր ունեցած ձայներով միևնույն է՝ եղանակ չի փոխի, փոխարենը կարող է շարժվել խորհրդարանական քամուն համընթաց՝ ինքը ևս դեմ քվեարկելով: Արդյունքում Փաշինյանը կմնա միայնակ՝ դեմ առ դեմ հանրության աճող դժգոհության հետ: Հենց սա է պատճառը, որ վարչապետը մինչև հունիսի 24-ը, ամենայն հավանականությամբ, քայլեր կձեռնարկի՝ հարցի քննարկումը խաղաղ հուն բերելու և փողոցից հեռացնելու ուղղությամբ: