«Փաստ» թերթը գրում է, որ իշխանափոխությունից հետո գործարար պատգամավոր, ՀՀԿ խմբակցության արդեն նախկին անդամ Սամվել Ալեքսանյանի անունը շրջանառվեց բացառապես միրգ–բանջարեղենի առևտրի կազմակերպման առումով, որն, ըստ էության, իրականում եղել է պետության հետ պարզ համաձայնության արդյունք:

«Այսինքն, լուրջ կրիմինալ փնտրելն այստեղ հենց Ալեքսանյանի առումով լուրջ չէ, թեկուզ թեման մեծ աղմուկով մատուցվեց: Ավելին, հենց հաջորդ օրը կառավարությունը Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ հարկային արտոնություն տվեց նրա ձեռնարկություններից մեկին:

Տպավորությունն այնպիսին է, որ փորձ է արվում այսպիսով հասարակության ուշադրությունը շեղել ավելի լուրջ խնդիրներից: Ի մասնավորի, որպես շաքարավազի ներկրման մենաշնորհ դիրք ունեցող՝ Սամվել Ալեքսանյանը, մեր տեղեկություններով, միայն այս դաշտում տարեկան 50–60 մլն դոլարի եկամուտ ունի: Բանն այն է, որ նա ապրանքը մաքսազերծում է շաքարավազի հումքի անվան տակ, որը հաշվարկվում է ավելի քան 50 տոկոս նվազ արժեքով, ուրեմն և համապատասխանաբար պակաս է վճարում մաքսազերծման համար:

Արդյունքում շաքարավազ ներմուծողները կամ ներմուծել ցանկացողները մրցակցությունից դուրս են մնում, քանի որ մաքսազերծումն իրականացնում են հենց շաքարավազի անվան տակ, այսինքն՝ անհամեմատ բարձր արժեքով: Սակայն ԱԱԾ բացահայտումներն այս մասին լռում են»,- գրում է թերթը:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ»-ի՝ 15.06.18թ. համարում: