Հանրությունը այսօր չափազանց սուր է արձագանքում կադրային անհաջող նշանակումներին, կառավարության ծրագրի բացթողումներին այն պարզ պատճառով, որ այդ ամենը դիտարկում է որպես սեփական, հարազատ կառավարության բացթողում: Եվ այս փաստը շատ ողջունելի է: Տարօրինակ կլիներ, եթե հանրությունը նույնքան անտարբեր լիներ, որքան նախկինում էր:
  
Այս օրերին հանրության ուշադրությունը հատկապես սևեռված է ՊԵԿ-ում տեղի ունեցող գործընթացների վրա, հաշվի առնելով, որ հենց այս կառույցի հետ է կապվում կոռուպցիայի դեմ պայքարի, մոնոպոլիաներից ազատ տնտեսության ձևավորման հույսը: Սակայն ՊԵԿ-ում վերջին օրերի նշանակումները հասարակության մոտ որոշակի տարակուսանք են առաջացրել: Այդ նշանակումներին անդրադարձել էր նաև վարչապետ Փաշինյանը՝ կառավարության նիստում բարձրաձայնելով, որ ահազանգեր է ստանում ՊԵԿ նախկին, կոռումպացված պաշտոնյաների՝ համակարգ վերադառնալու մասին:
 
2017թ. հունիսին ՊԵԿ կառուցվածքային փոփոխությունների արդյունքում տեղի ունեցավ աշխատակիցների մոտ 40 տոկոսի կրճատում: Հիմք ընդունելով ՊԵԿ-ի ներքին անվտանգության վարչությունում առկա ինֆորմացիան՝ աշխատանքից ազատվեցին վարչությունների և բաժնի պետեր, ինչպես նաև շարքային աշխատակիցներ: Հիմա նրանք հերթով վերականգնվում են ՊԵԿ-ում, որովհետև երկրում տեղի է ունեցել թավշյա հեղափոխություն: Երկու շաբաթ առաջ ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ է նշանակվել Ռաֆիկ Մաշադյանը, որը միշտ էլ համարվել է Գագիկ Խաչատրյանի ամենավստահելի մարդկանցից մեկը: Գործարար աշխարհում այդ նշանակումը տարակուսանք է առաջացրել: ՊԵԿ ներքին անվտանգության պետի պաշտոնում էլ օրերս նշանակվեց Կարեն Կարապետյանը, որը բավականին աղմկարահարույց պատմությունների մեջ է եղել նախկինում: Մյուս նշանակումը՝ Նաիրա Փամբուկյանը՝ նախկինում Էրեբունու հարկային տեսչության սպասարկման բաժնի պետն էր և նրա անվան հետ էր կապված բազմաթիվ հարկատուների հաշվապահությունը վարելու փաստերը, ինչը արգելված գործառույթ է հարկային ծառայողի համար: Փամբուկյանին հեռացրել էին աշխատանքից, բայց նա հեղափոխական ալիքի վրա նորից վերականգնվել է իր նախկին աշխատավայրում:
 
Այս ցանկը կարելի է շարունակել: Արդյո՞ք կադրային սովն է պակասը, որ Փաշինյանը փորձում է այս բացերը փակել հին գելերով, թե՞ կա այլ պատճառ, որի մասին հանրությունը չգիտի: Մինչդեռ ՊԵԿ-ը, հատկապես Նոր Հայաստանի իրողություններում, պետք է դառնա ամենամաքուր կառույցը և հենց դրանով շահի տնտեսվարողների, հարկատուների վստահությունը, ասել է թե՝ կոռուպցիայի դեմ պայքարը սկսի հենց հարազատ պատերից: Մի բան՝ ինչին մենք դեռևս ականատես չենք լինում:
 
 
Ստելլա Խաչատրյան