Մոսկվայում ՀՀ  վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել և ծանոթացել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Ֆեյսբուքյան իր էջում  վարչապետն ուղիղ եթերի ընթացքում խոսեց Ռուսաստան կատարած այցից.

«ՌԴ նախագահը մեզ պարզապես ծանոթացրեց, և տեղի ունեցավ ահա այդպիսի ծանոթացման արարողություն, եթե, իհարկե, դա կարելի է այդպես անվանել: Որևէ ուրիշ խոսակցություն, որևէ ուրիշ քննարկում տեղի չի ունեցել»,- ասաց Փաշինյանը։

Ուղիղ եթերի ընթացքում վարչապետը դրական գնահատեց նաև ՌԴ կատարած այցը։

Գործադիրի ղեկավարի այցի և հանդիպումների մասին ԼՈւՐԵՐ․com-ի  թղթակիցը զրուցեց քաղաքագետ Սերգեյ  Շաքարյանցի հետ։

«Ես կառաջարկեի մտածել, որ Սերգեյ Լավրովն է առաջարկել Պուտինին այս հանդիպումը՝ մատնանշելով, որ շատ լավ առիթ է՝ թող առաջին անգամ իրար աչքերի նայեն։ Կարծում եմ՝ նրա առաջարկությամբ ՌԴ նախագահը որոշել  է օգտագործել պահը, որ նրանք, պարզապես, ծանոթանան անմիջապես, ոչ թե հեռակա։ Երկուսն էլ նայեցին իրար աչքերի, բայց չեմ կարող ասել, թե ինչ տպավորության ստացան իրարից  Ալիևն ու Փաշինյանը: Առայժմ վաղ է ենթադրություններ անել, պետք է սպասել։ Ինչ խոսք, հնարավոր է եզրափակիչ խաղի ժամանակ նույնպես հանդիպեն կողմերը։ Առաջնության փակման ժամանակ ևս մեծ միջոցառում է լինում՝ դարձյալ տարբեր երկրներից ժամանած բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ»,-նկատեց քաղաքագետը։

Սերգեյ Շաքարյանցն այն համոզմանն է, որ ՌԴ ղեկավարը որևէ քաղաքական շահ չուներ Փաշինյան-Ալիև ծանոթությունից, իսկ թե ինչից ելնելով Փաշինյանն իր այցը ՌԴ՝ «բարեկամական», «դրական» և նման եզրույթներով բնորոշեց, քաղաքագետը միայն ենթադրել կարող է. «Գուցե նրան այդպես է թվացել, երբ Պուտինն իրեն անվանել է Նիկոլ Վլադիմիրովիչ՝ Նիկոլ Վովայիի փոխարե՞ն։ Կամ գուցե այն, որ ուրիշի աչքերը չեն տեսնում, ականջները չեն լսում՝ գուցե այդ ժամանա՞կ են բարեկամական դրսևորումներ թևածել։ Միանշանակ ոչինչ չենք կարող ասել, բայց եթե ասում է՝ պետք է հավատանք, այլըտրանք չկա. կամ հավատում ենք, կամ՝ ոչ»,-ամփոփեց Շաքարյանցը

Լիլիթ Հակոբյան