Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը նորմալ է համարում Ազգային անվտանգության ծառայության հատուկ գործողությունները իր ղեկավարած քաղաքում: Լրագրողների հետ հանդիպմանը նա նշեց՝ այդպիսով պետությունը ցույց է տալիս, որ ի վիճակի է ժողովրդին պաշտպանել: «Մեր կառավարությունն ավելի լավ է տիրապետում օպերատիվ իրավիճակին, քան դուք և ես: Վստահ եմ, որ իրենց միջամտությունը ճիշտ ժամանակին է: Համարում եմ իրավական և ճիշտ ժամանակին արված քայլ»,- ասաց Կարեն Գրիգորյանը:

Անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հունիսի 15-ի գրառմանը, որը վերագրվեց Էջմիածնում տեղի ունեցող բողոքի ակցիաներին, որոնք ժամանակ պահանջում էին քաղաքապետ Գրիգորյանի հրաժարականը՝ նա նշեց, որ դա սթափեցնող հայտարարություն էր։ «Բոլորն իրավունք ունեն կարծիք հայտնելու: Մեր երկրում կարծիք հայտնելու խնդրիր ոչ ոք չի ունենալու: Պարոն Փաշինյանի հայտարարությունը ոչ միայն գովելի ու ժամանակին արված, այլ սթափեցնող հայտարարություն էր։ Դրանից հետո եմ ես վստահ ասում՝ չի կարելի սրել իրավիճակը»,-ավելացրեց Կարեն Գրիգորյանը:

 

«Անընդունելի է, որ քրեածին տարրերը պղծեն սիրո և համերաշխության հեղափոխության խորհրդանիշները և հեղափոխության անունը օգտագործեն մա­ֆիոզ պատերազմներում։ Թույլ չենք տա»,-ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել Նիկոլ Փաշինյանը: 

Հունիսի 16-ին ԱԱԾ մամուլի խոսնակ Սամսոն Գալստյանը մեզ հետ զրույցում հաստատեց, որ Ազգային անվտանգության ծառայությունը հատուկ գործողություններ է իրականացնում Էջմիածնում: «Ես հիմա կարող եմ հաստատել, որ Էջմիածնում գործողություններ են իրականացվում: Դրանք ոչ միայն Մանվել Գրիգորյանի առանձատանն են: Լրացուցիչ տեղեկություններ կտրվեն ավելի ուշ»,-ասաց ԱԱԾ մամուլի խոսնակը: