«Ժառանգություն»-ն առաջարկում է արտահերթ ընտրություններին կիրառել նորագույն բլոկչեին տեխնոլոգիան։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանը՝ հանդես գալով Հայաստանում արտահերթ ընտրություններին նոր տեխնոլոգիա ներդնելու առաջարկով:

«Այդ համակարգի դեպքում գրանցված տվյալները չեն կարող ջնջվել և արդյունքները կարող են հրապարակվել ընդամենը կես ժամ հետո: Հնարավոր կլինի խուսափել նաև ձայները կեղծելուց։

Թեև համակարգի ներդրումը ծախսատար է և կպահանջի 2 մլն դրամ, բայց այն բավականին արդյունավետ է։ Այդ համակարգը կլուծի մի շարք խնդիրներ, եթե նախկինում հանձնաժողովում 10 մարդ էր լինում, հիմա արդեն կարող է լինել 2-ը»,- նշեց նա։

Նա հավաստիացրեց՝ համակարգի ներդրումը և դրան տիրապետելը կպահանջի ընդամենը մեկ շաբաթ։ Հարցին' նախորդ ընտրությունների ժամանակ ընտրակեղծարարությունը իրականացվեց գումարներ բաժանելու միջոցով, արդյո՞ք բլոկչեինը կարող է այս տարբերակի դեմ պայքարել, Մարտիրոսյանը նշեց՝ թեև կոռուպցիայի դեմ չեն կարող պայքարել, փոխարենը կրկնաքվեարկությունների և մարդկանց մոտ հավատ ներշնչելու հարցը կլուծի։

Նա նշեց' շատ կարևոր են արտահերթ ընտրությունները և «Ժառանգության» անելիքը ևս մեծ է լինելու. «Արվելու են ոչ միայն գործնական, այլև օրենսդրական քայլեր։ «Ժառանգություն»-ը 15 տարի ընտրական գործընթացների մեջ է եղել և մենք ներսից շատ լավ գիտենք՝ ինչ է կատարվում։ Մենք գիտենք, թե ինչ է պետք և ներկայացնելու ենք մեր նորարարական առաջարկները։ Առաջինը ռեյտինգային համակարգի վերացումը պետք է լինի։ Հետևաբար, պետք է լինի պարզ համամասնական ընտրական համակարգ։ Մուտքի շեմը պետք է իջեցվի։

Ինչպես նաև քաղաքական շատ ուժեր ներկայացված լինեն, քաղաքական ներկապնակը պետք է բազմազան լինի»,- ասաց Մարտիրոսյանը։