Այսօր՝ հունիսի 18-ին, լրագրողների հետ զրույցի ընթացքում ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ անդամ Արփինե Հովհաննիսյանը մեկնաբանեց գեներալ Մանվել Գրիգորյանի հետ կապված ԱԱԾ բացահայտումները։

«Ես ամբողջությամբ կիսում եմ այն ապրումներն ու զգացողությունները, որոնք հայ ժողովուրդը և յուրաքանչյուրն ունեցել է այդ տեսանյութը դիտելուց հետո»,- ասաց ԱԺ փոխնախագահը։

Արփինե Հովհաննիսյանը նշեց, որ ճիշտ է՝ քվեարկությունը գաղտնի է, բայց ինքը կողմ է քվեարկելու Մանվել Գրիգորյանին անձեռնմխելիությունից զրկելուն։

«Սա այն դեպքն է, երբ չկա երկրորդ կարծիք, սա այն նվազագույնն է, որ պիտի անել, որպեսզի հանրությունը ստանա իրեն հուզող բոլոր հարցերի պատասխանները»։

Արփինե Հովհաննիսյանը մատնանշեց նաև անձի անմեղության կանխավարկածը, սակայն նկատեց. «Եթե որևէ մեկը կապ է ունեցել այս ամենի հետ և դա իրականությանը համապատասխանում է, ապա պետք է պատասխան տա՝ անկախ նրանից, թե ինչ պաշտոն է զբաղեցրել կամ զբաղեցնում, անկախ նրանից՝ այս պահին որտեղ է»։

Տեսանյութը՝ Factor.am-ի։