Էջմիածնի քաղաքապետի դեմ իրականացվող ցույցից ոգևորվել են նաև Արմավիր քաղաքում։ Հունիսի 16-ից մեկնարկել է «Արմավիրի նախաձեռնող խմբի» կողմից կազմակերպված բողոքի ակցիան ընդդեմ քաղաքապետ Ռուբեն Խլղթյանի։ Ակտիվիստները պահանջում են վերջինիս հրաժարականը։

Ցուցարարների թիվն առայժմ չի անցնում 100-ը, սակայն նրանք հույս ունեն, որ օր օրի կավելանա։ Առաջին երկու օրը միայն քայլերթ են իրականցրել, իսկ այսօր՝ ժամը 19։00-ին, նախատեսվում է հանրավաք քաղաքի հրապարակում։ Ցուցարարները վանկարկում են «Միացե′ք», «Մենք ենք տերը մեր երկրի», «Ռուբեն, հեռացի′ր»։

 

ԼՈւՐԵՐ․com-ի թղթակցի հետ զրույցում ակտիվիստ Ավետիս Ավետիսյանը նշեց, որ Ռուբեն Խլղթյանն արդեն 14 տարի է՝ քաղաքապետն է և իրենք այդ ընթացքում դրական տեղաշարժեր չեն նկատել քաղաքում։

«Քաղաքի աղբահանության մակարդակը շատ ցածր է, պետությունից և քաղաքի ներքին բյուջեից տրամադրվող գումարները, որոնք պետք է ծառայեն քաղաքի բարեկարգմանը,  չեն ծառայում իրենց նպատակին։ Քաղաքում կատարված միակ գործը սալիկապատված կենտրոնական փողոցն է, որն էլ եղել է տարիներ առաջ։ Նաև ջրամատակարարման լուրջ խնդիր ունենք՝ խմելու ջուրը մարդիկ գնում են, իհարկե, այս հարցում պատասխանատու է Վեոլիա Ջուրը»,-ներկայացրեց Ավետիս Ավետիսյանը։

Ցուցարարը նաև նկատեց, որ Արմավիրն «ամենահանրապետական» մարզն է, քաղաքն էլ՝ «ամենահանրապետական» քաղաքն, ինչն էլ խոչընդոտ է հանդիսանում ակտիվ մասնակցության համար, քանի որ քաղաքապետը ՀՀԿ-ից է: 

«Շատերն աջակցում են քաղաքապետին, որոշներն էլ գալիս են ցույցի, բայց դուրս չեն գալիս մեքենաներից»,-նշեց ակտիվիստը։

Լիլիթ Հակոբյան