Մամուլում այսօր լուրեր էին տարածվել, որ ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր արյունաբան Սմբատ Դաղբաշյանն ազատվել է պաշտոնից: Ինքը՝ Դաղբաշյանը, թեպետ հերքում է, որ ինքն ազատվել է ՀՀ գլխավոր արյունաբանի պաշտոնից, սակայն Առողջապահության նախարարությունն այլ բան է ասում:

Նրա փոխարեն այդ պաշտոնին նշանակվել է Արյունաբանական և ուռուցքաբանության հայկական ասոցիացիայի նախագահ, ուռուցքաբան-արյունաբան Սամվել Դանիելյանը։

 

ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում Սմբատ Դաղբաշյանն ասաց. «Իմ աշխատասենյակում եմ, և իմ ամենօրյա աշխատանքն եմ կատարում: Ինձ ոչ ոք ոչինչ չի ասել»։

Մեր այն հարցին՝ ինչպե՞ս է ստացվել, որ չունենալով արյունաբանի որակավորում՝ ինքը գլխավոր արյունաբան է, ասաց, որ թերապևտ է և զբաղեցնում է Արյունաբանական կենտրոնի տնօրենի պաշտոնը։

Մեզ հետ զրույցում ՀՀ առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից հաստատեցին՝ Սմբատ Դաղբաշյանը այլևս գլխավոր արյունաբանը չէ, բայց շարունակում է զբաղեցնել Արյունաբանական կենտրոնի տնօրենի իր պաշտոնը:

Հավելենք, որ Սմբատ Դաղբաշյանը ՀՀԿ խորհրդի և ԵԿՄ վարչության անդամ է, ինչպես նաև «Առողջապահության Կազմակերպիչների միավորում» հկ գործադիր տնօրենն է։