Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր, ՀՀԿ անդամ Առաքել Մովսիսյանը (Շմայս) Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների ուղեկցությամբ երեկ տեղափոխվել էր ԱԱԾ: ԱԱԾ-ն Շմայսի առանձնատանը գործողություններ է իրականացրել: Խուզարկությունը տեւել է մոտ 2 ժամ: Առաքել Մովսիսյանի կինը՝ Նելլի Մովսիսյանը լրագրողներին տեղեկացրել էր, որ ԱԱԾ աշխատակիցները հայտնել են, թե անօրինական զենք-զինամթերք են փնտրում: Ինչևէ, այսօր արդեն Մովսիսյանը ազատ արձակվեց: Ի՞նչ էին փնտրում և ի՞նչ չգտան նրա տանը իրավապահ մարմինները՝ դժվար է ասել, սակայն ԱԱԾ ընտրած թիրախների առումով մի շարք հարցեր են առաջանում, որոնց պատասխանները դեռևս չկան: Օրինակ՝ ինչո՞ւ հենց Առաքել Մովսիսյանը, ով, եկեք արդարության դեմ չմեղանչենք՝ ապօրինի հարստացածների անգամ հազարյակում դժվար թե լինի և մնացածների համեմատ՝ պարզապես մանր գրպանահատ է:
  
Երբ համադրում ենք վերջին շրջանում ԱԱԾ և ոստիկանության տարածած հայտարարությունները և գործողությունները, ակնհայտ է դառնում, որ հետապնդած խնդիրը միայն նախկին իշխանության այս կամ այն ներկայացուցչին զինաթաթելը չէ: Չգիտես ինչու՝ հանրության կողմից պատշաճ ուշադրության չարժանացավ ԱԱԾ պետի հայտարարությունը՝ իրեն և վարչապետին վնասազերծել փորձող անձանց կամ խմբերի վերաբերյալ: Իհարկե, Վանեցյանը անուններ չէր նշելու, սակայն ԱԱԾ գործողություններից պարզ է դառնում, որ համալիր միջոցառումները ուղղված են նաև վտանգ ներկայացնող բոլոր հնարավոր օջախները վնասազերծելուն: Առաքել Մովսիսյանի տանը անցկացված ստուգումները տեղավորվում են հենց այդ տրամաբանության մեջ: Կոռուպցիայի և տարիներ շարունակ պետական բյուջեն թալանած խմբավորումների դեմ պայքարը, բնական է՝ նոր իշխանությունների համար լուրջ վտանգ է պարունակում, այդ թվում՝ ֆիզիկական: Սակայն կա հարցի նաև մյուս կողմը՝ ինչո՞ւ է այդքան մեծ շեշտադրում կատարվում գտնված զենք-զինամթերքների վրա:
 
Իհարկե, մինչ օրս նախկին բարձրաստիճան պաշտոնյաների, քրեական հեղինակությունների առանձնատներից առգրավված ռազմամթերքը կբավարարեր մի ամբողջ գումարտակ զինելու համար: Հիշում ենք, ինչպես էին 2016-ի ապրիլին սահմանից մտահոգիչ լուրեր հասնում, թե մեր զինվորների ձեռքը չկա զենք-զինամթերք: Հիշում ենք պատմությունը՝ սահմանը բահերով և տեսախցիկների փոխարեն՝ երկաթե տարաներով պահպանող զինվորների մասին: Ահա հենց այս հիշողությունների ֆոնին նախկին իշխանությունների ներկայացուցիչների տներից հսկայական քանակությամբ զենք-զինամթերք առգարվելը հետապնդում է նաև էմոցիոնալ ֆոնի ձևավորման նպատակ, որը գալիք արտահերթ ընտրություններում Հանրապետական կուսակցությանը կարող է զրկել ընտրություններին մասնակցելու՝ անգամ բարոյական իրավունքից: