Կուտակային կենսաթոշակային համակարգը եղած այլընտրանքներից լավագույնն է: Հրավիրված ասուլիսում Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի փորձագետ, տնտեսագետ Աշոտ Խուրշուդյանը նշեց, որ հուլիսի 1-ից կուտակային կենսաթոշակային համակարգի ամբողջական ուժի մեջ մտնելու մասին որոշումը ճիշտ քայլ էր:

«Կուտակային կենսաթոշակային համակարգն ամբողջությամբ հուլիսի 1-ից ուժի մեջ մտնելու որոշումը Նիկոլ Փաշինյանի կառավարության կողմից ոչ պոպուլյար քայլ էր: Այն դրսի ներդրողները դրական են գնահատում: Ցանկացած հեղափոխության ժամանակ ներդրողները սկսում են սպասել, և որովհետև քաղաքական ռիսկը բարձր է գնահատվում, ուզում են հասկանալ, թե տնտեսական, օրենսդրական խոստումները արդյո՞ք կատարվելու են: Ուրախ եմ, որ որոշվեց չհետաձգել համակարգի ամբողջական ներդնումը, ընդհակառակը, խոսվում է այն բարելավելու մասին»,-ասաց Աշոտ Խուրշուդյանը:

Կուտակային կենսաթոշակային համակարգին գնալը տնտեսագետը կարևոր է համարում: Նրա խոսքով, այլընտրանքը կամ պետք է լիներ կենսաթոշակային տարիքի բարձրացումը կամ եկամտահարկի ավելացումը: Ռուսաստանը, օրինակ, խնդրին լուծում է տվել՝ բարձրացնելով կենսաթոշակային տարիքը:

«Մենք ոչ թե ծերացող, այլ արագ ծերացող ազգ ենք, և կենսաթոշակայինի բեռը շուտով մեծանալու է: Ըստ հաշվարկների՝ 2060 թվականին 2 աշխատողի բաժին է ընկնելու 1 թոշակառու: Այսինքն՝ պահել հին համակարգը նշանակում էր ապագա սերունդների վրա շատ մեծ բեռ դնել, հարկերը գնալով մեծացնել: Ահա այդ խնդրի լուծումը կուտակային համակարգն էր»,- ասաց տնտեսագետը:

Նա ընդգծեց, որ մեր երկրում դեմոգրաֆիկական վիճակն այնպիսին է, որ եթե մնա այսպիսի համակարգը, ապա գնալով երկրում պահանջարկը նվազելու է, մարդկանց եկամտի աղբյուրը մնալու է նույնը, որը նաև ցածր է: Հետևաբար' սպառումն է նվազելու:

«Այսօր դեռ երիտասարդության տոկոսը շատ ավելի բարձր է, այդ խնդիրը դեռ շատ չենք զգում, բայց ապագայում, եթե հին համակարգը պահենք, ապա լուրջ խնդիրներ կլինեն: Ստացվելու է մի իրավիճակ, երբ ասենք, ներդրողը հացի գործարան է բացելու, մեկ էլ ինչ-որ մի պահի ապրանքը սկսելու է չսպառվել: Մենք կուտակային համակարգով ապահովում ենք պահանջարկի կայունությունը երկարաժամկետ հատվածում»,-ասաց Աշոտ Խուրշուդյանը:

Անդրադառնալով կառավարության բանավեճին կենսաթոշակային հարցի հետ կապված՝ Աշոտ Խուրշուդյանը նշեց, որ դրական է, դա հանգեցնում է առավել արդյունավետ լուծումներ գտնելուն:

«Ինչպես ասվել է, սեպտեմբերին առաջարկությունների փաթեթ կներկայացվի: Նախարար Մանե Թանդիլյանն էլ իր հարցազրույցներից մեկում նշել է, որ պետք է այնպես անել, որ համակարգն ավելի գրավիչ դառնա: Ինչ է դա նշանակում, երբ մարդիկ գիտակցեն, թե ինչ է կուտակայինը, մանրամասն խոսվի օրենքի դրույթների մասին: Օրինակ, չենք խոսում գումարը հետ ստանալու մոտեցումների մասին: Կարելի է քննարկել այն տարբերակը, երբ քաղաքացուն հնարավորություն է տրվում կուտակած գումարը հետ վերցնել մինչ կենսաթոշակային տարիքի հասնելը, սակայն միայն այն հատվածը, ինչը կուտակվել է քաղաքացու տրված գումարների հաշվին: Պետության տրվածը պահվում է մինչև կենսաթոշակային տարիքը: Այսինքն՝ տարբեր մոտեցումներ կան համակարգն առավել բարելավելու, այնպես, որ կարելի է քննարկել»,-ասաց տնտեսագետը: