Թուրքիայի արտահերթ նախագահական ընտրություններում ձայների 99 տոկոսի հաշվարկի արդյունքում երկրի նախագահի պաշտոնում է վերընտրվել «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Ինչպես հաղորդում է «Անադոլու» գործակալությունը, գործող նախագահն ընտրություններում ստացել է ձայների 52.5 տոկոսը:

Երկրորդ հորիզոնականում գտնվող ընդդիմադիր, քեմալական Հանրապետական ժողովրդական կուսակցության (ՀԺԿ) թեկնածու Մուհարեմ Ինջեն ստացել է ձայների 30.6 տոկոսը:Երրորդ հորիզոնականում է ընտրություններին բանտից մասնակցող քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության (ԺԴԿ) թեկնածու Սելահաթթին Դեմիրթաշը՝ 8.3 տոկոս:

Խորհրդարանական ընտրությունների արդյունքում՝ 600 պատգամավորական մանդատ ունեցող խորհրդարանում ԱԶԿ-ն ստացել է 293 պատգամավորական մանդատ, ՀԺԿ-ն՝ 146,  ԺԴԿ-ն՝ 67,  «Ազգայնական շարժում» կուսակցությունը՝ 50, «Լավ» կուսակցությունը՝ 44:

Ընտրություններին գրանցվել է քաղաքացիների մասնակցության ռեկորդային բարձր ցուցանիշ՝  87.5 տոկոս:

Նշենք, որ ստացած քվեների արդյունքում Էրդողանի ղեկավարած կուսակցությունը չի ստացել անհրաժեշտ քանակությամբ պատգամավորական մանդատներ, որպեսզի միայնակ կառավարություն ձևավորի:

Ընտությունների արդյունքների հրապարակումից հետո՝ ուշ երեկոյան Էրդողանն Անկարայում ԱԶԿ գլխավոր գրասենյակի դիմաց ելույթ է ունեցել կողմնակիցների առաջ: Նա շնորհակալություն է հայտնել իր կողմնակիցներին, ովքեր շարունակում են իր կողքին մնալ: Արձանագրելով, որ խորհրդարանական ընտրությունների արդյունքներն այն չեն, ինչն ինքն ակնկալում էր, Էրդողանը նշել է, որ ընտրություններում հաղթանակ է տարել ժողովրդավարությունը: «Մենք ստացանք այն ուղերձը, որը քվեարկության արդյունքում ժողովուրդը տվեց մեր կուսակցությանը: Վստահ եղեք, որ առաջիկա շրջանում վերացնելու ենք բոլոր թերությունները»,- հայտարարել է նախագահը:

Ընդդիմադիր թեկնածու Ինջեն հայտարարել է, որ ընդունում է Էրդողանի հաղթանակը: Նա խոստացել է հրավիրել մամուլի ասուլիս, որի ընթացքում հանդես կգա հայտարարությամբ: