Այսօր՝ հունիսի 25-ին, Երևանի թիվ 19 պոլիկլինիկայի գինեկոլոգիայի բաժանմունքի աշխատակիցները գործադուլ են հայտարարել. նրանք ընդվզել են տնօրեն  Սամվել Սարգսյանի դեմ։

ԼՈւՐԵՐ․com-ի թղթակցի հետ զրույցում տնօրենը պատմեց, որ  իրենք բնականոն աշխատանքի մեջ են։ Այսօր արդեն 200 հիվանդի են սպասարկել, և 400 աշխատակցից բաղկացած կոլեկտիվի դեպքում 15 հոգու գործադուլը չի կարող լուրջ անհանգստություն առաջացնել։ Տնօրենի խոսքով՝ ուրբաթ օրը կանչել է այդ բժիշկներին վարիչի հետ կոնսուլտացիայի, ինչը բնականոն գործընթաց է, աշխատանքային ուսումնասիրություն է և արվում է ամեն տարի։ Այս գործընթացն է, ըստ տնօրենի, դարձել բողոքի պատճառ։ «Այս մարդիկ ցանկանում են լինել հսկողությունից դուրս, իրենք իրենց կառավարեն, ինչպես ցանակնում են՝ այնպես վարվեն։ Երկու-երեք շաբաթ առաջ նույն մարդիկ էին դարձյալ բողոքում։ Ես կանչել էի իրենց ինձ մոտ, քանի որ դեպք էր գրանցվել, որ հիվանդի ընդունումը և հետագա բուժնշանակումը օդում է կատարվել՝ առանց ամբուլատոր քարտ բացելու և քարտում լրացումներ կատարելու։ Եվ երբ տվյալ բժշկից պահանջեցինք նախորդ ամսվա հիվանդների համար բացված քարտերը, նշեց, որ ինքը քարտեր չի բացել։ Սա օրենքի խախտում է։ Այս դիտողության և կարգապահական տույժի համար այդ նույն խառնակիչ խումբը գնացել էր առողջապահության նախարարի հետ հանդիպման։ Սա կազմակերպված, միտումնավոր խառնակչություն է իմ անձի նկատմամբ։ Այդ 7-8 բժիշկներն իրենց մանկաբարձուհիների հետ անպայման կկրեն պատասխանատվություն իրենց աշխատանքային ժամին տեղում չլինելու և բաժնի բնականոն աշխատանքը խափանելու համար»,-իրավիճակը ներկայացրեց պոլիկլինիկայի ղեկավարը։

Իրավիճակը բոլորովին այլ կերպ նկարագրեց ակտիվիստ բժիշկներից Ասյա Կյուրինյանը։

«Մենք այլևս չենք կարող աշխատել մեր տնօրենի հետ, ինքը սպառնալիքներով ամեն կերպ մեզ ճնշում է։ Այն բժիշկների դեմ, ովքեր ընդվզել են, ստուգումներ է իրականացնում, մատյաններն է ձեռքերից վերցնում։ Բժիշկները նախկինում մուծել են, այսպես կոչված, «նալոգ», որը տատանվել է 35-60 հազար դրամի սահմաններում։ Սա տարիներ շարումակ պարտադիր մուծում է եղել, անկախ նրանից՝ բժիշկն արձակուրդում է եղել, թե վերապատրաստման, ունեցել է գումար, թե չի ունեցել, միևնույնն է, պարտավոր է եղել ամեն ամիս մուծում կատարել. հակառակ դեպքում՝ նրա մոտ կլինեին խնդիրներ։ Դա ամեն ամիս, այսպես կոչված, գանձարան էին վճարում»,-պատմեց գինեկոլոգ Այսա Կյուրինյանը։

 

Բողոքող բժիշկները հավաքվել են պոլիկլինիկայի դիմաց։ Նրանց պահանջն է ստուգումների իրականացումը, և արդյունքում՝ տնօրենի հրաժարականը։ Պնդում են, որ եթե ստուգումների արդյունքում իրենք լինեն սխալը, ապա պատրաստ են դուրս գալ աշխատանքից։