Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի անդամները նոր նախագահ ընտրեցին: ԵԽԽՎ-ն այսուհետ կգլխավորի Շվեյցարիան ներկայացնող Լիլիան Մորի-Պասկյեն:

Մորի-Պասկյեն այս պաշտոնում փոխարինել է իտալացի Միկելե Նիկոլետտիին, ով Իտալիայի խորհրդարանական ընտրություններում չվերընտրվելուց հետո զրկվել էր ԵԽԽՎ նախագահի պաշտոնից:

 

Պասկյեն ԵԽԽՎ նախագահների թվում 32-րդն է, 4-րդ կին նախագահն ու 1949թ.-ից ի վեր նաև երկրորդ շվեյցարացին, ով զբաղեցնում է այս պաշտոնը:

ԵԽԽՎ նոր ղեկավարն իր առաջին ելույթում հիշեցրել է, որ Եվրոպայի խորհրդի արժեքները քարոզչության ու պահպանման կարիք ունեն ոչ միայն Եվրոպա աշխարհամասում, այլև դրա սահմաններից դուրս:

«Արտագաղթի բարձր ֆոնի վրա ծայրահեղականության, բռնության ու ճնշումների աճը մեզ ստիպում են մեկ անգամ ևս վերահաստատել այն արժեքները, որոնք մեզ միավորում են»,- ասել է Լիլիան Մորի-Պասկյեն:

Նախագահի խոսքով` դա բացարձակ անհրաժեշտություն է Եվրոպական խոշոր երկրներում խոսքի, մամուլի և հավաքների ազատության, հավասարության ու փոքրամասնությունների պաշտպանության համար:

«Մարդու իրավունքները, ժողովրդավարությունը և օրենքի գերակայությունը պետք է վերացնեն տառապանքի, շահագործման և աղքատության միտումը: «Յուրաքանչյուրն իր համար» օտարացման և ատելության գաղափարախոսությանը մեր պատասխանը պետք է լինի արդարությունը, համերաշխությունն ու համախմբումը: Հնարավոր չէ խաղաղություն հաստատել, առանց մեզնից յուրաքանչյուրի և մեր պետությունների ակտիվ մասնակցության: Փոխանակման և երկխոսության ոգին ու մեր միջև տարբերությունների նկատմամբ փոխադարձ հարգանքը պետք է թույլ տան մեզ միասին աշխատել»,- ասել է նախագահը:!

 

Խոսելով ԵԽ-ի, նրա կողմից ընդունված կոնվենցիայի, Եվրոպական դատարանի վրա հարձակումներից ու դրանց նկատմամբ անվստահությունից՝ նախագահը նշել է, որ այդպիսով եվրոպացիները իրենք են թուլացնում իրենց պետությունները` իրենց իրավունքները պաշտպանելու հարցում: Ինչ վերաբերում է ԵԽԽՎ-ի կողմից կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված միջոցներին, Մորի-Պասկյեն վստահեցրել է, որ իր նախագահության օրոք վեհաժողովը կշարունակի պահպանել իր պատիվն ու կշարժվի դեպի լիարժեք թափանցիկություն:

«Ազգային կառավարություններն ու խորհրդարանները նույնպես պետք է նույնը անեն, ինչպես իրենց զեկույցն է հորդորում: Նրանք պետք է անհրաժեշտ միջոցներ ձեռնարկեն վերոնշյալ դեպքերի պարագայում և ներկայացնեն վեհաժողովին մինչև 2018թ. ավարտը»,- իր խոսքը եզրափակել է նախագահը:

Լիլիան Մորի-Պասկյեից բացի ԵԽԽՎ նախագահի պաշտոնում այլ թեկնածու չէր առաջադրվել: