Վերջին շրջանում մամուլում տեղեկություններ են շրջանառվում, որ վարչապետ Փաշինյանը պլանավորել էր ընտրություններն անցկացնել սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին: Նրանք չէին պատրաստվում անսալ Վենետիկի հանձնաժողովի պահանջներին եւ ԸՕ-ն փոխելուց հետո մեկ տարի ժամանակ տալ քաղաքական ուժերին նախապատրաստվելու ընտրություններին: Սակայն այն լոբբինգը, որի մասին մենք արդեն իսկ գրել էինք, և որը տարվում էր Եվրոպայում Հանրապետական կուսակցության ներկայացուցիցչների կողմից՝ ըստ երևույթին տվել է իր գլխավոր արդյունքը: Առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը, պատասխանելով լրագրողների հարցերին՝ ուշագրավ հայտարարություն է արել: Նրա խոսքով, իշխանությունները երկու տարբերակ ունեն՝ դնել առավելագույնս կարճ ժամկետներ, այդ կարճ ժամկետներում ինչ հնարավոր է՝ փոխել, եւ կա ևս մեկ տարբերակ՝ անել ինչ-որ բան՝ հիմնավոր։ Փաշինյանի կաբինետը որոշել է գնալ 2-րդ տարբերակով։ Ժամկետային սահմանափակումներ իրենց առջեւ չեն դրել՝ հաշվի առնելով ընդհանուր ժամկետային սահմանափակումը, որը դրված է Կառավարության ծրագրում:

Սա ոչ այլ ինչ է, քան նահանջ նախկինում Փաշինյանի հայտարարած և անկյունաքարային համարվող սկզբունքից, այն է՝ ընտրություններն անցկացնել հնարավորինս սեղմ ժամկետներում: Դա մի կողմից անհրաժեշտ էր երկրում ծայր առած սահմանադրական ճգնաժամը լուծելու, մյուս կողմից՝ նախկին արատավոր համակարգը ամբողջությամբ արմատախիլ անելու և սեփական իշխանությունն ամրապնդելու համար: Սակայն Արարատ Միրզոյանի հայտարարությունը ենթադրում է, որ ընտրությունները կարող են հետաձգվել մինչև 2019-ի ապրիլ-մայիս: Իսկ սա Փաշինյանի համար մեծագույն ռիսկեր է պարունակում, ընդհուպ՝ մինչև մեկ տարի անց ՀՀԿ և ՀՀԿ-ին միացած խորհրդարանական անկախ պատգամավորների կողմից անվստահության քվե ստանալը՝ իմպիչմենտը: Այս տեսանկյունից, Փաշինյանը դժվար դրության մեջ է հայտնվել՝ մի կողմից որոշակիորեն կախվածության մեջ լինելով եվրոպական ֆինանսավորումից և քաղաքական օժանդակությունից՝ Վենետիկի հանձնաժողովի կոշտ եզրակացության վրա պարզապես աչք փակել նա չի կարող, մյուս կողմից էլ, բազմաթիվ ռիսկեր են և գուցե ամենամեծ ռիսկը՝ հասարակության շրջանում կարող է մարել հեղափոխական էյֆորիան և եթե իշխանությունները որոշել են չսահմանափակվել ժամկետներով և ընտրությունները անցկացնել մեկ տարի անց՝ այս ընթացքում հեղափոխական ոգին պետք է պահպանվի:

 

Դրան կարող է նպաստել իրավապահ համակարգի կողմից տարբեր դոզաներով հանրությանը հրամցվող և նախկին իշխանությունների այս կամ այն կարկառուն ներկայացուցիչներին վերաբերվող բացահայտումները: Այդ բացահայտումների ամենամեծ դոզան դուրս կգրվի ընտրություններից մեկ կամ երկու ամիս առաջ, ամենաաղմկոտ բացահայտումները կլինեն հենց այդ ժամանակ, ինչը թույլ կտա մի կողմից պահպանել հասարակական զգոնության բարձր աստիճանը, մյուս կողմից նախկին իշխանություններին զրկել հակահեղափոխության՝ անգամ բարոյական իրավունքից:

 

Ստելլա Խաչատրյան