Երևանի պետական համալսարանի շուրջ կրքերը չեն հանդարտվում: Վերջերս էլ ուսանողները պահանջում էին ռեկտորի հրաժարականը: Այսօր էլ մամուլում տեղեկություններ եղան այն մասին, որ 100 երիտասարդ դասախոսներ գնացել են ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի բնակարան և պահանջել են թոշակառու դասախոսներին և գիտական աշխատանք չունեցող դասախոսներին կրճատել, միաժամանակ սպառնացել են, որ կրկին կվերսկսվի դասադուլների շարքը: 

Տեղեկությունը ճշտելու համար ԼՈւՐԵՐ.com-ի թղթակիցը կապ հաստատեց Երևանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանի հետ, ով հերքեց տարածված լուրերը. «Դրանք մատից ծծած հեքիաթային բաներ են, այդպիսի բան չի եղել»,-նշեց ԵՊՀ ռեկտորը:

 

Անդրադառնալով հարցին՝ արդյոք պատրաստվո՞ւմ է առաջիկայում հրաժարական տալ ԵՊՀ ռեկտորի պաշտոնից, քանի որ ըստ շրջանառվող տեղեկությունների, այդ քայլին կդիմի սեպտեմբերին, Սիմոնյանը պատասխանեց.

«Ես իմ աթոռին նստած՝ չեմ դողում իմ աթոռի վրա: Ամեն ինչ կարգով,  կանոնով կլինի: Հիմա Ձեզ ի՞նչ է հետաքրքրում հրաժարականի հետ կապված, որ ես չլինեմ ռեկտոր, մեկ ուրի՞շը լինի: Ի՞նչ կա որ, շատ հնարավոր է. մեկը հրաժարվում է պաշտոնից, մյուսը գալիս է, դա սովորական երևույթ է:

Կշարունակեմ պաշտոնավարել, թե ոչ՝ կորոշի Հոգաբարձուների խորհուրդը, ես չեմ ինձ ընտրել, նա է ինձ ընտրել, ինչպես որոշի՝ այդպես էլ կլինի: Եթե խորհուրդը գտնի, որ այլևս պետք է չաշխատեմ, ապա չեմ աշխատի: Շատ մեծ սիրով չեմ աշխատի. կգնամ-կհանգստանամ, դասախոսի և գիտաշխատողի աշխատանքը կանեմ, ոչ թե ամբողջ օրը, առավոտից երեկո, կզբաղվեմ ծանր գործունեությամբ»,- ասաց նա:

Նշենք, որ վերջերս անդրադարձել էինք ԵՊՀ «Հյուրերի տան»-ը, որը ռեկտոր Արամ Սիմոնյանը որոշել էր վաճառել ՀՀԿ-ական գործարար-պատգամավոր Արկադի Համբարձումյանին (Դերժավայի Արկադ): Ժամանակին ԵՊՀ ռեկտորը պատճառաբանել էր, թե այդ գումարով պետք է վերականգնեն մարզական համալիրը, որպեսզի «ուսանողների ֆիզկուլտուրայի և սպորտի դասերը և նրանց ֆիզիկական կուլտուրայով զբաղվելն ավելի նպատակային լինեն»։

Արամ Սիմոնյանից հետաքրքրվեցինք՝ արդյո՞ք ԵՊՀ «Հյուրերի տան» վաճառքից ստացված գումարը ծառայել է նպատակին, թե՝ ոչ: Մեր հարցին ի պատասխան Սիմոնյանը պնդեց, որ ամբողջ գումարը ծախսվել է մարզական համալիրի վեարանորոգման վրա և վստահեցրեց՝ «ամեն ինչ արվել է եվրանորոգմամբ, վերջին ձևերով»:

«Հոգաբարձուների խորհրդի ժամանակ ուսանողները ներկայացրել են իրենց պահանջը և որոշվել է կառուցել մարզային համալիրը: Գումարն ամբողջովին ծախսվել է մարզային համալիրի կառուցման վրա:

Մեկ ամիս առաջ այդ համալիրում Եվրոպայի սուսերամարտի չեմպիոնատն է անցկացվել, եթե նորմալ չլիներ՝ Եվրոպայի սուսերամարտի չեմպիոնատն այստեղ կանցկացնեի՞ն, եթե նորմալ սարքած չլիներ՝ Եվրոպան գժվե՞լ է, որ գար այստեղ չեմպիոնատ անցկացներ:

Հանրապետությունում նմանը չունեցող դահլիճներ ունենք: Եկե՛ք, տեսե՛ք լեռնագնացության պատ ունենք՝ միջազգային ստանդարտներով սարքված և միակը հանրապետությունում: Եկեք, տեսե՛ք՝ հրաձգարան ունենք ուսանողների և դասախոսների համար, ունենք և՛ հովացման, և՛ ջեռուցման համակարգ, հյուրանոցային համալիր, և մասնաշենք ամբիոնների: Եկեք մի օր, տեսեք»,- ասաց ԵՊՀ ռեկտորը:

Սոնա Հարությունյան