Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հունիսի 24-25-ին Փարիզ կատարած այցի շրջանակում հանդիպել է ֆրանսիական երկու տասնյակից ավելի խոշոր ձեռնարկությունների, որոնց թվում՝ «Dassault systemes»-ի, «Channel»-ի, «Crédit Agricole» բանկի, «Aéroport de Paris»-ի, «Lactalis group»-ի, «CNIM»-ի, «Egis-Group»-ի, «Surys»-ի եւ այլ ընկերությունների ղեկավարների հետ: Այս մասին  տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմից:

 

Հանդիպումներում նախագահ Սարգսյանը ներկայացրել է Հայաստանի ներդրումային միջավայրը, հատկապես՝ Հայաստանում տեղի ունեցած ներքաղաքական վերափոխումների, նոր իշխանությունների կողմից հավասար եւ օրինական գործարար միջավայր ձեւավորելուն ուղղված բարեփոխումների միջոցառումների լույսի ներքո: Նախագահը հաստատել է Հայաստանում օտարերկրյա ներդրումների համար անհրաժեշտ բարենպաստ պայմաններ ստեղծելու իշխանությունների պատրաստակամությունն ու հանձնառությունը:

 

Նա շեշտել է Հայաստանում ներդրումներ կատարելու գրավչությունը՝ Եվրասիական տնտեսական միության եւ Իրանի շուկաներ մուտք գործելու ներուժով եւ հնարավորությամբ:

 

Նախագահ Սարգսյանն անդրադարձել է այս տարվա հոկտեմբերին Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության շրջանակում կայանալիք տնտեսական ֆորումին՝ հրավիրելով ձեռնարկություններին բերել իրենց գործուն եւ ակտիվ մասնակցությունը: