Վերջին շրջանում ակտիվացել են մամուլի հրապարակումները, թե կոնֆլիկտ է հասունանում վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նախագահ Արմեն Սարգսյանի միջև հատկապես արտաքին քաղաքական հարցերում: Կան տեղեկություններ, որ խնդիրը հատկապես արտասահմանյան այցերի հետ է կապված: Փաշինյանի կաբինետը բավականին կոշտ արձագանքեց Արմեն Սարգսյանի վերջին միջազգային այցերին, վարչապետի խոսնակի մակարդակով նախագահին մեղադրելով վարչապետի հետ նախապես չհամաձայնեցված այցեր կատարելու մեջ: Իհարկե, կառավարության նման մոտեցումն ավելի քան տարակուսելի է՝ այդ ի՞նչ պետք է անի նախագահ Սարգսյանը իր արտասահմանյան այցերի ընթացքում, ինչը կարող է այս կամ այն կերպ հարվածել Փաշինյանի հեղինակությանը կամ դիրքային պայքարում, եթե այդպիսին կա՝ առավելություն տալ Արմեն Սարգսյանին:
 
Բանն այն է, որ սահմանադրորեն կաշկանդված լինելով ներքին քաղաքականության մեջ, Արմեն Սարգսյանը փորձում է առնվազն արտաքին քաղաքական վեկտորն օգտագործելով, որոշակի նպաստ բերել մեր երկրին: Նախագահի արտասահմանյան այցերը, օրինակ, կարող էին ներդրումներ ներգրավելու նպատակ հետապնդել, ինչը մեր տնտեսության համար օդի և ջրի պես է անհրաժեշտ: Տարօրինակ է, որ կառավարությունը չի փորձում այս հարցում համակողմանիորեն աջակցել Սարգսյանին, փոխարենը՝ հարցը տեղափոխում է իշխանության տարբեր թևերի միջև տարվող պայքարի հարթություն: Անշուշտ, անհերքելի է, որ ժամանակի ընթացքում Փաշինյան–Սարգսյան շահերի բախումը, մեծ հաշվով, անխուսափելի է: Միաժամանակ, դա միանգամայն նորմալ է խորհրդարանական կառավարման համակարգում, որը, ըստ էության, հակակշիռների համակարգ է, եւ դրանում է հենց էֆեկտը: Արտաքին վեկտորների խնդիրն այստեղ չի լինի էական, քանի որ թե՛ Փաշինյանը, թե՛ Սարգսյանը, անշուշտ, լավ են պատկերացնում, որ մեր երկրի համար տեսանելի ապագայում արտաքին վեկտորի փոփոխության հարցը փակ է՝ անվտանգության հարցի ազդեցության օբյեկտիվ կշռի պատճառով:
 
Հետևաբար, եթե անգամ արտաքին քաղաքականությունը Սարգսյանն օգտագործի սեփական PR--ի համար՝ ակնհայտ է, որ այդ PR--ի 50 տոկոսը բաժին է հասնելու Փաշինյանին, որպես այն երկրի վարչապետի, որը ներկայացնում է իր հանդիպումների ընթացքում նախագահ Սարգսյանը, մյուս 50-ն էլ՝ Սարգսյանին, ինչը նրա համար էական նշանակություն ունենալ չի կարող: Սակայն երկրին տված օգուտը անհամեմատ ավելի մեծ նշանակություն ունի: Եվ այս առումով, տրամաբանական հարց է առաջանում՝ ինչո՞ւ իշխանությունները չեն ցանկանում ամբողջությամբ օգտագործել Սարգսյանի ռեսուրսները՝ հեղինակությունը, միջազգային կապերը: