Հայաստանում հրաժարականների պահանջի ալիքը բարձրացել և հասել է մարզպետերին և համայնքապետերին:

Սուրը պտտվում է հիմնականում նախորդ իշխանությունների կողմից առաջադրվածների գլխավերևում:

ՀՀԿ-ի կողմից առաջադրված համայնքապետերի ցանկում է նաև Ապարանի համայնքապետ, «Գնթունիք» ՍՊԸ-ի հիմնադիր-տնօրեն Կարեն Եղիազարյանը: Նա ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ հրաժարական չի պատրաստվում տալ, քանի որ ժողովրդի կողմից է ընտրվել որպես համայնքապետ: «Բնակիչները պետք է որոշեն: Երբ նրանք կցանկանան, այդ ժամանակ կորոշենք»,-ասաց Եղիազարյանը:

Ապարանի համայնքապետը նոր իշխանությունների հետ համագործակցության հարցին անդրադառնալով՝ նշեց.

«Ինձ համար միևնույնն է՝ ով է լինելու իշխանություն, կամ ով է լինելու կառավարություն: Ես ընտրվել եմ ժողովրդի կողմից և ծառայում եմ ժողովրդին»:

Համայնքում առկա խնդիրների լուծման վերաբերյալ համայնքապետը նկատեց, որ եղել են բազմաթիվ խնդիրներ, որոնք լուծվել են, սակայն որևէ լուծված խնդիր չմատնանշեց: Իսկ համայնքում գործազրկության վերաբերյալ ասաց, որ խնդիրը դեռ լուծում չի ստացել, և դա, ըստ նրա, համայանքը չի էլ կարող լուծել: Մեր հարցին՝ արդյո՞ք հանդիպում ունեցել է Արագածոտնի մարզպետ Աշոտ Միանսյանի հետ, Եղիազարյանը նշեց, որ հաճախ են հանդիպում, քննարկում են համայնքի խնդիրները. «Օրինակ՝ երեկ քննարկել ենք Ապարանում կարկուտի հետևանքով վնասված տանիքների հարցը, և որոշել ենք տանիքները փոխել»,-ասաց Եղիազարյանը:

Հիշեցնենք, որ ՀՀԿ-ի կողմից համայնքապետ առաջադրված գործարար Կարեն Եղիազարյանը համյանքապետի իր լիազորությունները ստանձնել է 2017 թվականի նոյեմբերից: