Ուշագրավ իրավիճակ է ստեղծվել այն հարցի շուրջ, թե ո՞վ է Արցախյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում ներկայացնելու Հայաստանը: Փաշինյանի վարչապետ դառնալը թերևս ավելի շատ հարցեր է առաջացրել, քան պատասխաններ տվել: Ի մի բերելով մինչ օրս ՀՀ վարչապետի մեսիջներն այս հարցի վերաբերյալ, կարելի է միանշանակ պնդել, որ Փաշինյանն այս պահին Ալիևի հետ բանակցությունների սեղանի շուրջ նստելուն պատրաստ չէ: Այդ դեպքում ո՞վ է կարող է նրան փոխարինել: Ամենահավանական թեկնածուն նախագահ Արմեն Սարգսյանն է, ով, ի դեպ, ունի այդ հնարավորությունը՝ խորհրդարանը նրան է կարող է տալ նման լիազորություններ, այլ հարց է՝ կգնա՞ Փաշինյանն այդ քայլին, թե ոչ:
 
Մի կողմից, Մոսկվայից հնչող ուղերձները հուշում են, որ Սարգսյանը Կրեմլի համար առավել նախընտրելի է, քան Փաշինյանը: Մոսկվայում լրագրողի այն հարցին, թե ինչո՞ւ չի կայանալու երկու երկրների՝ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպում, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովն ասել էր․ «Որովհետև Հայաստանի նախագահը Ռուսաստան չի եկել»։ Սա ևս մեկ ապացույց է, որ Մոսկվան պաշտպանում է Սարգսյանի թեկնածությունը: Սակայն կան նաև օբյեկտիվ պատճառներ, որոնցից մեկն այն է, որ Սարգսյանը տիրապետում է բանակցային գործընթացի մանրամասներին՝ պրոցեսի ակունքներից սկսած: Դրան գումարվում է նաև Արցախի իշխանությունների անուղղակի աջակցությունը Արմեն Սարգսյանին: Մասնավորապես՝ Ստեփանակերտից հնչող հայտարարությունները չեն բացառում, որ պաշտոնական Երևանը կարող է դիմել հատուկ բանագնացի օգնությանը:
 
Շատ քիչ հավանական է, որ այդ բանագնացը կարող է լինել մյուս Սարգսյանը՝ Սերժը: Իհարկե, գուցե նրանից լավ որևէ մեկը բանակցային գործընթացի նրբություններին չի տիրապետում, սակայն չմոռանանք, որ Սերժ Սարգսյանը իշխանությունից հեռացել է թավշյա հեղափոխության արդյունքում, իսկ հեղափոխության պատճառը վերջինիս վարած քաղաքականության հետ սկզբունքորեն համաձայն չլինելն էր:
 
Արմեն Սարգսյանի օգտին է խոսում նաև այն փաստը, որ բանակցային գործընթացում աստիճանակարգի որոշակի պարիտետ պահպանելու անհրաժեշտություն կարող է առաջանալ, և այդ տեսանկյունից՝ գուցե ավելի ընդունելի լինի հենց նախագահների ձևաչափը, այլ ոչ թե ՀՀ վարչապետի և Ադրբեջանի նախագահի:
 
Ստելլա Խաչատրյան