Թուրքիայի բարձրագույն ընտրական խորհուրդը հուլիսի 5-ին կհայտարարի հունիսի 24-ի նախագահական ու խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքները:Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:

Հուլիսի 8-ին կգումարվի նորընտիր խորհրդարանի առաջին նիստը, որի ընթացքում տեղի կունենա պատգամավորների երդմնակալության արարողությունը: Նույն օրը կամ արդեն հուլիսի 9-ին տեղի կունենա նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի երդմնակալության արարողությունը:

Նորընտիր խորհրդարանի առաջին նիստի օրվանից կսկսվի մեջլիսի նախագահի համար թեկնածուների գրանցումը, որը կշարունակվի 5 օր ու կավարտվի հուլիսի 12-ին: Մեջլիսի խոսնակի ընտրությունը տեղի կունենա հուլիսի 13-ին՝ գաղտնի քվեարկությամբ: Համաձայն կանոնակարգի՝ մեկ գումարման խորհրդարանում տեղի են ունենում մեջլիսի նախագահի երկու ընտրությունը՝ առաջինը 2, երկրորդը՝ 3 տարի ժամկետով: Մեջլիսի նախագահի ընտրությունները կարող են իրականացվել առավելագույնը 4 փուլով: Առաջին և երկրորդ փուլում թեկնածուին անհրաժեշտ է 600 պատգամավորների ձայների 2/3-ը (400 ձայն), իսկ երրորդ փուլում՝ բացարձակ մեծամասնությունը (301 ձայն): Եթե երրորդ փուլով էլ մեջլիսի նախագահ չի ընտրվում, ապա չորրորդ փուլ են անցնում ամենաշատ ձայն հավաքած 2 թեկնածուները, որտեղ էլ ընտրվում է ամենաշատ ձայն հավաքած անձը:

Էրդողանը նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո կնշանակի նախարարների, ինչպես նաև փոխնախագահների:

Թուրքիայում հունիսի 24-ին տեղի ունեցած արտահերթ նախագահական ու խորհրդարանական ընտրություններում հաշվվել են քվեաթերթիկների 99 տոկոսը: Նախնական տվյալների համաձայն՝ գործող նախագահ Էրդողանն ընտրություններում ստացել է ձայների 52.5 տոկոսը: Երկրորդ հորիզոնականում գտնվող ընդդիմադիր, քեմալական Հանրապետական ժողովրդական կուսակցության (ՀԺԿ) թեկնածու Մուհարեմ Ինջեն ստացել է ձայների 30.6 տոկոսը: Երրորդ հորիզոնականում է ընտրություններին բանտից մասնակցող քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության (ԺԴԿ) թեկնածու Սելահաթթին Դեմիրթաշը՝ 8.4 տոկոս: «Լավ» կուսակցության թեկնածու Մերալ Աքշեները հավաքել է ընդամենը 7.3 տոկոս:

Խորհրդարանական ընտրությունների արդյունքում՝ 600 պատգամավորական մանդատ ունեցող խորհրդարանում ԱԶԿ-ԱՇԿ («Ազգայնական շարժում» կուսակցություն) դաշինքն ունի 344 պատգամավորական մանդատ (ԱԶԿ-ն՝ 295, ԱՇԿ-ն՝ 49): ՀԺԿ-ն ունի 146, ԺԴԿ-ն՝ 67, «Լավ» կուսակցությունը՝ 43: Ընտրություններին գրանցվել է քաղաքացիների մասնակցության ռեկորդային բարձր ցուցանիշ՝ 87.5 տոկոս:

Ընտրությունների արդյունքում մեջլիսում երկու հայ պատգամավոր կլինի՝ քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության կողմից առաջադրված Գարո Փայլանը և իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության կողմից առաջադրված Մարգար Եսայանը: