Վերջերս լայն քննարկումների և դժգոհությունների առիթ դարձած՝ Երևան քաղաքի մետրոպոլիտենի «Հանրապետության Հրապարակ» կայարանի մուտքային համալիրի մոտ Առաջին հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանի արձանի տեղադրման աշխատանքները կդադարեցվեն:

Պատճառը Քաղաքաշինության պետական կոմիտե ստացված բազմաթիվ բողոքներն են մասնագիտական հանրության և հասարակության կողմից, որն էլ առիթ է դարձել, որպեսզի Քաղաքաշինության կոմիտեն դադարեցնի տեղադրման աշխատանքները, և հարցը դարձնի հանրային քննարկման առարկա:Արձանի տեսքի և տեղադրման վայրի նպատակահարմարության հարցի շուրջ ԼՈւՐԵՐ.com-ը զրուցեց ճարտարապետների հետ, որոնք միաբերան սխալ են համարում արձանը տեղադրելը հենց այդ վայրում: Ճարտարապետ Սաշուր Քալաշանը կարծում է, որ ընտրված վայրը հարմար չէ առհասարակ արձան տեղադրելու համար, իսկ Արամ Մանուկյանի արձանը պետք է որևէ հասարակական վայրում տեղադրվի:

«Նա պետական գործիչ է եղել և իր դերակատարումն է ունեցել պատմության մեջ: Կարծում եմ՝ դա Արամ Մանուկանին նսեմացնող վայր է», -ասաց Քալաշյանը:

Իսկ ճարտարապետ Գուրգեն Մուշեղյանը կարծում է, որ արձանն ամեն դեպքում կտեղադրվի, քանի որ այդքան աշխատանք է կատարվել: Չնայած՝ նա ևս սխալ է համարում այդ վայրում արձանի տեղադրումը : Նա նշեց. «Արձանը այդ հատվածում խանգարող հանգամանք է և չի կարող ներդաշնակվել միջավայրի հետ, ինչ արձան էլ որ դրվի: Ամենաճիշտը  ընդհանուր համալիր դարձնել Արամ Մանուկյանի տուն-թանգարանը, որը հին Երևանի հուշերից մեկն է, և այնտեղ էլ տեղադրել արձանը»:

Արձանի տեսքի վերաբերյալ ճարտարապետ Անահիտ Թարխանյանը կարծում է, որ արձանը անհաջող է պատրաստված, իսկ դրոշով փաթաթված քանդակը վանող է:

 

Ինչ վերաբերում է քաղաքաշինությանը՝ Թարխանյանը կարծում է, որ Կիմ Թորոսյանն այնտեղ շատ հստակ ձևավորված կոմպոզիցիա է ստեղծել, և ցանկացած արձան, ինչ էլ որ դրվի, խանգարելու է այդ տարածքի կազմակերպանը:

Նկատենք, որ թեև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ արձանի տեղադրման աշխատանքները կհետաձգվեն արձանի տեղի փոփոխության պատճառով, սակայն այն տեղադրվեց նախապես պլանավորված վայրում: