Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ քաղաքագետ Աղասի Ենոքյանը խոսեց սպասվող արտահերթ ընտրությունների մասին՝ անդրադառնալով նաև ՀՀ սահմանադրության բացերին:

«Մենք ունեք շատ մեծ պրոբլեմ. ՀՀ սահմանադրությունը պահանջում է, որ քաղաքական կառուցվածքը հիմնվի կուսակցությունների վրա: Մինչդեռ կուսակցությունների ինստիտուտը լիարժեք  ձևավորված չէ մեզանում: Ամենամեծ ու հզոր կուսակցությունը Հայաստանում ՀՀԿ-ն էր, որը, պարզվեց՝ ոչ թե քաղաքական միավորում է, այլ կրիմինալ: Հիմա ամեն ինչ փոխվել է. եթե դու ՀՀԿ-ից ես, ուրեմն վատ տղա ես»,-ասաց բանախոսը:

 

ԼՈւՐԵՐ.com-ի հարցին՝ հնարավո՞ր է, որ ՀՀԿ-ն այնքան իրեն սպառի, որ չմասնակցի ընտրություններին, կամ եթե մասնակցի, ապա ինչպե՞ս, քաղաքագետը պատասխանեց.«Կարծում եմ, որ ՀՀԿ-ն այլ կլինի,  այլ ռեսուրսներով, գուցե գաղափարախոսությունն էլ  փոխի: Խոսում էին նժդեհյան գաղափարներից, բայց մենք այդպես էլ չտեսանք, թե դա ինչ էր: Իրականում՝ նժդեհականությունը վերածվեց թալանի»:

Առաջիկա ընտրություններում քաղաքագետը չբացառեց նաև «Սասնա Ծռերի» մասնակցությունը: Նկատեց, որ քաղաքական ասպարեզից հեռացած Կարեն Կարապետյանն էլ գուցե հայտնվի՝ արդեն պրոռուսական դիրքորոշմամբ:

Քաղաքագետն անդրադարձավ նաև ԱԱԾ վերջին գործողություններին:

«ԱԱԾ-ի ձերբակալությունները բնական պրոցես է: Իշխանության խնդիրն է՝ օր առաջ բացահայտել կրիմինալ ուժերին, որպեսզի նրանք չունենան ֆինանսեր և ընտրության ընթացքում չօգտագօրծեն գումարը ձայն գնելու և այլ հակաօրինական գործողությունների համար: Սա ցույց է տալիս նոր իշխանոթյունների անկրիմինալ դեմքը՝ ռեյտինգ հավաքելով»,- պարզաբանեց քաղաքագետը:

ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հարցին, թե հնարավո՞ր է՝ նոր իշխանությունները դեռ լիովին չկարողանալով ապահովել տնտեսական բլոկում ռեֆորմներ, փորձում են կրիմինալ բացահայտելով շահել հասարակության համակրանքը, քաղաքագետը նկատեց. «Դեռ պետք է սպասենք, ռեֆորմներ կլինեն և լինում են, պարզապես հասցնելու խնդիր էլ կա:  Իսկ մոնոպոլիաների բացահայտումների մասին սկզբից էլ խոսում էին  և անում են»: