Քաղաքագետ Աղասի Ենոքյանն այսօր՝ հունիսի 28-ին, լրագրողների հետ կայացած հանդիպման ժամանակ խոսեց նաև սահմանային իրավիճակից:

«Կուտակումները հսկայական են, լարված է: Լարվածությունը բերում է նաև նրան, որ ՀՀ պաշտպանական բանակը զգոնանում է և պատրաստվում. ամեն պահ սպասում են սադրանքների: Մինչ 2016 թվականը հանգիստ էինք, չգիտես ինչու՝ պատերազմ չէինք սպասում: Բայց Ադրբեջանն իր խնդիրները դիվանագիտական ասպարեզում չի փորձում լուծել:  Մերժում են դիվանագիտական ճանապարհը»,- ասաց Ենոքյանը:

 

 

Իշխանության փոփոխության արդյունքում ուժային կառույցներում տեղի ունեցած փոփոխությունները քաղաքագետը չհամարեց վտանգ պատերազմական երկրի համար: Նա, հակառակը, գտնում է, որ ՊՆ նոր նախարարը, ի տարբերություն նախկինի, զինվորական է, և այդ տեսանկյունից՝ հնարավոր է՝ ավելի լավ  տիրապետի գործին:

ԼՈւՐԵՐ.com-ի հարցին, թե ամերիկյան քաղաքացիական ուղղաթիռներ գնելը, որոնք Ադրբեջանը վերածեց ռազմականի, չի՞ թելադրում, որ մենք էլ պետք է դրանցից ունենանք, քաղաքագետը պատասխանեց, որ այստեղ  երկու խնդիր կա, համաձայն առաջինի՝ որքանով են դրանք պետք մեզ, և երկրորդ՝ արդյո՞ք մենք ունենք համարաժեք գումար, որպեսզի գնենք:

Քաղաքագետը նկատեց, որ արտաքին քաղաքականության մեջ Հայաստանը պետք է ավելի բացվի, ինչը թույլ կտա հակամարտության  մասին բարձրաձայնել միջազգային հարթակներում: Նկատեց նաև, որ ի տարբերություն նախորդների, ովքեր Ռուսաստանի հետ կարծես պարտադրված հարաբերությունների մեջ էին, նոր իշխանություններն այդ հարաբերությունները կառուցում են՝ ելնելով Հայաստանի շահից:

Լիլիթ Հակոբյան