Քիչ առաջ «Սասնա Ծռեր» խմբի անդամ Աշոտ Պետրոսյանն ազատ արձակվեց գրավի կիրառմամբ: Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի և Նոր Նորքի նստավայրում, այսօր՝ հունիսի 28-ին, նման որոշում է կայացրել նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանը:

Աշոտ Պետրոսյանի համար դատավորը սահմանել է գրավ՝ 500,000 դրամի չափով, իսկ այն մուծել է նույն գործով վերջերս ազատ արձակված Կարո Եղնուկյանը։

Նշենք, որ Արտուշ Գաբրիելյանի վարույթում գտնվող գործով բոլոր 11 ամբաստանյալներն արդեն ազատության մեջ են։ Այսօր փոխվել էր նաև Վարդգես Գևորգյանի խափանման միջոցը։

Նշենք, որ Արտուշ Գաբրիելյանը քննում է «Սասնա Ծռեր» խմբի անդամներ Արմեն Լամբարյանի, Աշոտ Պետրոսյանի, Արթուր Մելքոնյանի, Տիգրան Սարգսյանի, Արթուր Սողոմոնյանի, Գառնիկ Հովակիմյանի, Հովհաննես Վարդանյանի, Մանվել Աթոյանի, Վարդգես Գևորգյանի, Կարո Եղնուկյանի և Խաչատուր Գիչյանի առանձնացված մասով գործը: