Կ. Ուլնեցի փողոցում ապրիլի 21-ին տեղի ունեցած բռնությունների դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով մեկ մեղադրյալի՝ Երևանի բնակիչ Ա. Իսոյանի մասով հայտարարվել է նախաքննության ավարտի մասին: Այս մասին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Նախնական քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ 2018 թ. ապրիլի 21-ին՝ ժամը 13:30-ի սահմաններում, Երևանի բնակիչ Ա. Իսոյանը մի խումբ անձանց հետ «Porsche Cayenne» մակնիշի ավտոմեքենաներով ժամանել է Կ. Ուլնեցու փողոց, որտեղ քաղաքացիները բողոքի ակցիայի շրջանակներում մասամբ փակել էին ավտոճանապարհի երթևեկելի հատվածը: Ենթադրյալ հանցագործություն կատարած մահակներով անձինք, իջնելով ավտոմեքենաներից, տևական ժամանակ հայհոյանքներ են հնչեցրել, որից հետո Ա. Իսոյանը մահակով հարվածել է խցանման մեջ կայանված «Մերսեդես Բենց» մակնիշի, ապա՝ «Նիվա» մակնիշի ավտոմեքենաների ապակիներին: Նույն միջադեպի ժամանակ ենթադրյալ հանցագործություն կատարած անձինք մահակներով հարվածել են նաև «NISAN FUGA» մակնիշի ավտոմեքենային:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ Ա. Իսոյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Վերջինիս մասով քրեական գործն անջատվել է առանձին վարույթ, հայտարարվել նախաքննության ավարտի մասին, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատարան։

Նախաքննության փուլում գտնվող քրեական գործով շարունակվում են ձեռնարկվել անհրաժեշտ քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ տեղի ունեցած միջադեպին մասնակցություն ունեցած մյուս անձանց հայտնաբերելու և նրանց գործողություններին համապատասխան քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ։