Ջերմուկում շարունակվում է Ամուլսարի հանքի շահագործման դեմ տարվող պայքարը: 8 օր շարունակ ակտիվիստները 24 ժամ փակ են պահում դեպի հանք տանող բոլոր ճանապարհները:

ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում ակտվիստ Վազգեն Գալստյանը բարձր գնահատեց պետության նախաձեռնությամբ կազմված աշխատանքային խմբի գործունեությունը, որը պետք է զբաղվի հանքի կողմից բնությանը հասցվող վնասի ուսումնասիրմամբ, բայց հավելեց. «Ապրեն իրենք, իրենց ցավն էլ տանեմ, թող իրանց գործն անեն, մենք մեր ճանապարհները փակ ենք պահում: Մենք բոլորին վստահում ենք, հավատում ենք, բոլորին օգնելու ենք, բայց ճանապարհ չենք բացելու. այնտեղ յուրաքանչյուր օր կատարված աշխատանքը վնասում է մեր բնությանը: Մենք ունենք խնդիր՝ փրկել շրջակա միջավայրը»:

 

Վազգեն Գալստյանը պատմեց նաև հետագա անելիքների մասին՝ պատրաստվում են մեծ ավտոերթի:

«Վաղը՝ հուլիսի 1-ին, ավտոերթ կսկսվի Արենի գյուղից: Հանրապետությունից երթին կմիանան խնդրով հետաքրքրված բոլոր քաղաքացիները, նրանց ճանապարհին կմիանանք նաև մենք՝ ջերմուկցիներս: Երթը կընթա Եղեգնաձորում, Գնդեվազում, Ջերմուկում: Իսկ այժմ հանգիստ շարունկում ենք փակել ճանապարհները. զրուցում ենք, հանգստանում, հաց ուտում»,-ասաց ակտիվիստը:

Հիշեցնեք, որ հանքի աշխատակիցներն էլ իրենց կողմից փակել էին Ջերմուկ մտնող միջպետական ճանապարհը՝  ի նշան բողոքի, քանի որ զրկվել են աշխատանքից, սակայն երեկ՝ օրվա վերջում, բացել են ճանապարհը:

Հարցի վերաբերյալ իր դիրքորոշումն է արտահյտել նաև «Լիդիան Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն Հայկ Ալոյանը. նրա խոսքերով բողոքի ակցիաների պատճառով իրենք կրել են ահռելի ֆինանսական վնաս: