Այսօր՝ hուլիսի 2-ի վաղ առավոտից բանտարկյալների հարազատ-բարեկամները հավաքվել են կառավարության շենքի դիմաց՝ պահանջելու խոստացված համաներումը:

«5 տարի է՝ համաներում չի հայտարարվել: Իսկ կալանավորները քրեակատարողական հիմնարկներում մնում են անմարդկային պայմաններում: Մենք պահանջում ենք ազատ արձակել մեր երեխեքին»,-ասում են ցուցարարները:

 

Քիչ առաջ ցուցարարների հետ հանդիպման դուրս եկան Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Արման Եղոյանն ու խորհրդական Նարեկ Սարգսյանը: Նրանք խոստացան խնդիրը ներկայացնել Նիկոլ Փաշինյանին։

Հիշեցնենք՝ վարչապետը Նիկոլ Փաշինյանն անդրադառնալով համաներման թեմային, նշել էր, որ համաներման գործընթացն իրականացվում է գաղտնիության պայմաններում. «Մարդը կարող է ասել՝ սեպտեմբերին լինելու է համաներում, և գնա ու մի քանի տուն կողոպտի։ Այս իսկ պատճառով ես այդ հարցին չեմ պատասխանի: Իսկ քաղաքական համաներման լինել-չլինելը քաղաքական նպատակահարմարության հարց է»,- հայտարարել էր Վարչապետը:

Նշենք, որ Հայաստանի Երրորդ Հանրապետության պատմության մեջ տեղի է ունեցել 8 համաներում, որոնցից 5-ը' Հայաստանի անկախության առիթով: Առաջինը 1995թ. սեպտեմբերին էր' Սահմանադրության ընդունման կապակցությամբ, երկրորդը' 1997 թ. մայիսին, հաջորդը' 1998 թ. սեպտեմբերին: Հաջորդ համաներումը Հայաստանում քրիստոնեության ընդունման 1700-ամյակի առիթով: Հինգերորդ անգամ համաներում հայտարարվեց 2006 թ. հունիսին, ապա' 2009-ին եւ 2011-ին: 2009-ի եւ 2011-ի համաներումներն ունեին ընդգծված քաղաքական ենթատեքստ: Հայաստանում քաղաքական մթնոլորտը չափազանց լարված էր 2008 թվականի նախագահական ընտրությունների եւ դրան հաջորդած իրադարձությունների հետեւանքով: Հատկապես մարտի 1-2-ի արյունալի իրադարձություններից հետո բազմաթիվ մարդիկ հայտնվեցին բանտերում եւ ազատ արձակվեցին նշված համաներումների արդյունքում: 7-րդ համաներումը տեղի է ունեցել 2011 թվականին' անկախության հռչակման 20-ամյակի կապակցությամբ: Վրջին համաներումը տեղի է ունեցել 2013 թ., որն ուներ գերբեռնված քրեակատարողական հիմնարկները բեռնաթափելու նպատակ: