Երեկ ադրբեջանական զինված ուժերը Նախիջևանի ուղղությամբ որոշ տեղամասերում դիրքային ամրապնդման ինժեներական աշխատանքեր են փորձել իրականացնել, որին ի պատասխան ՀՀ զինված ուժերը կրակ են բացել՝ թույլ չտալով հակառակորդին աշխատանքներ իրականացնել: Հայ-ադրբեջանական հակամարտությունը Նախիջևանի ուղղությամբ վերջին շրջանում ավելի է սրվել, որն էլ լայնամաշտաբ ռազմական գործողություններ սկսվելու կասկածի տեղիք է տալիս: Հասարակության մեջ կարծիք կա, թե Սերժ Սարգսյանը, կանխատեսելով հնարավոր պատերազմը, հողերի հանձնումը՝ հրաժարական տվեց, որպեսզի իր անունը չկապվի հող հանձնելու հետ: Մարդիկ հակառակորդի յուրաքանչյուր թեկուզ աննշան շարժը վերագրում են այդ մտքին: ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում քաղաքագետ Լևոն Շիրինյանը նշեց, որ հող հանձնելու մասին խոսք անգամ չի կարող գնալ, քանի որ հայկական բանակի ոգին շատ բարձր է:

«Լայնամաշտաբ ոչինչ չի լինի: Մեկ կրակոցի դիմաց մեկ հենակետ այրելու քաղաքականությունը թշնամուն կլռեցնի»,ասաց Շիրինյանը:

 

Այն հարցին, որ վարչապետը սկսել է հաճախ է խոսել մեր ուժի  և թշնամու մասին, արդյո՞ք հանրությանը որևէ բանի պատրաստելու մասին չի վկայում, Շիրինյանը նկատեց.

«Պետությունը կայունություն է ձեռք բերում: Վստահ եմ՝ առաջիկայում Զինված ուժերը կբարեփոխվեն, կհամալրվեն նոր զենքերով: Նախիջևանը  մեր տարածքն է, և մենք պետք է հետ բերենք: Ժողովրդին պետք է պատրաստել պատերազմի, իսկ խաղաղության մասին խոսելը ես համարել եմ հոգեկան հիվանդություն: Պատերազմը երջանկություն է, եթե հայրենիք ես ձեռք բերում: Սակայն որևէ պատերազմ մեզնից չի կախված, այլ տարբեր գործոններից է կախված»:

Նախիջևանը վերադարձնելու վերաբերյալ Շիրինյանն ասաց, որ կա  իրավաքաղաքական թղթածրար, որը հայկական կողմի առավելությունն է:

«Այդ թղթածրարը միջազգային դատական ատյաններում պետք է գործի մեջ դրվեն, հակառակ դեպքում՝ բանակը պատրաստ է հարձակման և կանխարգելիչ պատերազմական ռազմավարության»,- ասաց Շիրինյանը:

Ինչ վերաբերում է վերջին շրջանում ԱԱԾ-ի և ՊԵԿ-ի կողմից կոռուպցիայի և ապօրինության դեմ պայքարի ընթացքում արտաքին թշնամուն ուշադրություն դարձնելուն՝ քաղաքագետը նշեց, որ հեղափոխությունը վերացրել է «երեք նախագահների դարաշրջանը»: Յուրաքանչյուր  ինստիտուտ իր ֆունկցիան է իրականացնում. որն արտաքին թշնամու դեմ է պայքարում, որն էլ՝ ներքին:

 

 Արմինե Արմենակյան