Հայաստանում կառավարման համակարգի անարդյունավետությունը և կոռուպցիայի բարձր մակարդակը ներքին քաղաքական լուրջ մարտահրավերներ են ստեղծել: Կոռուպցիայի առումով խոցելի է հատկապես կրթական համակարգը: Եթե նախկին իշխանություններն այս առումով ոչինչ չէին անում, ապա նոր իշխանությունների կողմից, քաղաքական կամքի դրսևորում, քիչ թե շատ նկատելի է: Այս ամենով հանդերձ՝ ասել, որ կոռուպցիայի մակարդակի նվազեցման ուղղությամբ գրանցվել են շոշափելի արդյունքներ, տեղին չէ:

ԼՈւՐԵՐ.com-ը հերթական ահազանգը ստացավ կրթական համակարգում առկա կոռուպցիոն երևույթների, հովանավորչության դեմ պայքարի մասին: Մեզ հետ զրույցում Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի թիվ 1 հիմնական դպրոցի տնօրենի տեղակալ Դարիկո Ադամյանը նշեց, որ շուրջ 28 տարի աշխատում է Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի Մեսրոպ Մաշտոցի անվան թիվ 1 հիմնական դպրոցում, 23 տարի աշխատել է որպես մաթեմատիկայի ուսուցչուհի, իսկ վերջին վեց տարիներին աշխատում է որպես տնօրենի տեղակալ, սակայն այս տարիներն անցկացրել է վախի մթնոլորտում, և հիմա, քանի որ իշխանափոխություն է եղել, նախկին մթնոլորտը վերացել է, որոշել է այդ մասին բարձրաձայնել:

 

«Դպրոցի տնօրեն, ՀՀԿ անդամ, ՀՀԿ Սևանի կանանց խորհրդի նախագահ Աննա Նիկողոսյանը` չընդունելով առանց մաղարիչի իմ փոխտնօրեն դառնալու հանգամանքը, վեց տարի շարունակ ինձ նվաստացնելով` անհնար է համարում մեր համատեղ աշխատանքը: Զանազան անհիմն պատճառաբանություններով փորձում է սևացնել իմ աշխատանքը, գցել իմ հեղինակությունը կոլեկտիվի աչքում: Նա այդ պաշտոնում ցանկանում է տեսնել իր «մարդուն», ով հավատարմորեն կծառայի իր սև գործերին: Հարաբերությունները տնօրենի հետ ավելի վատացան, երբ հրաժարվեցի սկզբից ևեթ մասնակցել նրա ծննդյան օրվա, Նոր տարվա, մարտի 8-ի ևայլ առիթների դրամահավաքությանը, որոնք դպրոցում սկսվել են Ա. Նիկողոսյանի պաշտոնավարման առաջին իսկ օրվանից: Նրա կողմից նույնիսկ սահմանվել է դրամահավաքի հստակ չափ` կոպիտ ասած «ստավկա»` 10 հազար դրամ: Նաև` յուրաքանչյուր ամիս առաջինից չորրորդ դասարանների աշակերտները 1000-ական դրամ են վճարում սնունդի համար` ընդամենը` 300 հազար դրամ, նաև ամբողջ տարին դպրոցում ինչ-ինչ տոմսեր են ստիպողաբար վաճառվում»,- պատմեց տնօրենի տեղակալը:

Նա նշեց՝ չնայած բոլոր բողոքներին, ԶԼՄ-ների ահազանգերին, թերթերում տպագրված հոդվածներին` տնօրենը շարունակում է իր գործը` իրեն ու իր նման դրամահավաքներին չմասնակցող անձանց գցելով «սև ցուցակ»:

 

«Իսկ մեզանից վրեժ լուծելու և «մեր տեղը» ցույց տալու եղանակը մեզ նվաստացնելն է: Ընդամենը մեկ օրինակ, որը վերջնականապես լցրեց իմ համբերության բաժակը և որոշեցի դիմել նաև ԿԳ նախարարի օգնությանը. օրերս՝ «Վերջին զանգի» օրը` միջոցառումը սկսվելու պահին, Ա. Նիկողոսյանը հանձնարարեց ինձ ծնողների ոտքերի տակ գորգ փռել, որպեսզի հատակը չվնասվի: Այն դեպքում, երբ ծնողները` չնայած Կրթության և գիտության նախարարի պահանջներին` կազմակերպեցին տնօրենի ճաշակով ճոխ «Վերջին զանգ»` գումար հավաքելով երաժշտության, նկարահանման, դահլիճի զարդարման և գորգերի լվացման համար, որով պետք է փակվեր դահլիճի հատակը: Բաց էր մնացել միայն մուտքը, որը գորգով փակելու «պատիվը» տնօրենը հանձնարարել էր ինձ: Ես, իհարկե, չկատարեցի տնօրենի հանձնարարությունը և չմասնակցեցի նաև միջոցառմանը: Տնօրեն Ա. Նիկողոսյանն` իր թիկունքին ունենալով Հանրապետական կուսակցության հովանավորչությունը, անսանձ է, իր ձեռնարկումներում ոչ մի բանի առաջ չի կանգնում` ասելով՝ «իմ դեմ խաղ չկա» և տեղի-անտեղի վիրավորում է կոլեկտիվի անդամներին: Շարժման օրերին նա փակում էր դպրոցի դռները, որպեսզի ուսուցիչները, աշակերտները չմասնակցեն դրան, մատ էր թափ տալիս բոլորիս վրա և աշխատանքից հեռացնելու սպառնալիք էր հնչեցնում բոլոր նրանց հասցեին, ովքեր փորձում էին պաշտպանել շարժումը, դրական խոսել դրա մասին: Թավշյա հեղափոխության օրերին ուրախությամբ բարձրաձայնում էի, որ ի վերջո փոխվելու է տնօրենի` աշխատողների նկատմամբ վերաբերմունքը, որ Աննա Նիկողոսյանի նման վայ-տնօրենները, որոնք այդ պաշտոնին են հասել մարզպետների գրպանը դոլար խոթելով` վերջապես հրաժեշտ կտան իրենց պաշտոնին»,- ասաց նա՝ ավելացնելով, որ տնօրենի ճակատին ևս ասել է, որ մինչև վերջ պայքարելու է նրա դեմ:

Դարիկո Ադամյանը պատմեց նաև, որ 1 տարի առաջ Ա. Նիկողոսյանը դիմել էր Գեղարքունիքի մարզպետարան` իրեն աշխատանքից ազատելու համար: Սա այն ժամանակ էր, երբ իր տղան բանակում էր ծառայում, իսկ աղջիկը բժշկական համալսարանի կլինոօրդինատոր էր, և նրանց պետք էր իր աջակցությունը: Սակայն, ինչպես նշում է Ադամյանը՝ տնօրենն իր նպատակին չի հասել և նրա պայքարն իրեն աշխատանքից հեռացնելու համար ավելի վճռական է դարձել. «Տնօրենը շարունակում է ինձ տհաճ վիճակների մեջ գցել, ինձ վերագրել սարքովի և մտացածին բաներ` դրանով փորձելով սևացնել կոլեկտիվի աչքում: Ուսուցիչներին աշխատանքի է կանչում «տաբել» դնելով և ստիպում մնալ մինչև ժամը 16.00, պատճառաբանելով, թե «մեր մեջ կան գործ տվողներ» և ինքը վախենում է: Բնական է, որ ես հասկանում եմ գործընկերներիս վրդովմունքի պատճառն իմ նկատմամբ. չէ՞ որ նրանք 10 հազարական դրամներ հավաքելով` ամբողջ տարին, երբ ուզել են տուն են գնացել: Իսկ հիմա` իմ պատճառով, հարկադրաբար պետք է մնան մինչև ժամը 16.00: Բանը հասել է այնտեղ, որ կոլեկտիվի շատ անդամներ նույնիսկ վախենում են շփվել ինձ հետ»,- ասաց նա:

Ադամյանը մեկ այլ դեպք ևս հիշեց. նա պատմեց, որ դեռևս մի քանի ամիս առաջ մի ծնողի բողոքի հետքերով` ում տնօրենը «բոմժ» էր անվանել, դպրոց էին եկել Գեղարքունիքի փոխմարզպետ Ա. Հակոբյանը, կրթության վարչության՝ արդեն նախկին պետ Գարիկ Բադալյանը: Ծնողը բողոքել էր դրամահավաքության համար, որը կատարվել էր դպրոցի վերանորոգումից հետո գրատախտակներ և վարագույրներ գնելու նպատակով: Սա այն դեպքում, երբ մարզպետարանը դպրոցի շահույթից գումար էր տրամադրել այդ նպատակի համար: Նրանք եկել, արձանագրել են կատարվածը և համոզվել, որ ծնողը ճիշտ է` իրոք եղել է դրամահավաք: Ադամյանի խոսքով՝ թեև գտնվել են մարդիկ, ովքեր պաշտպանության տակ են առել տնօրենին, սակայն փոխմարզպետի հորդորը տնօրենին՝ եղել է այլևս գումար չհավաքել.

«Ավելին, նույն բողոքի շրջանակներում կրթության վարչության պետը պարտադրեց, որ հետայսու փոխտնօրենները, կազմակերպիչը, դասղեկ լինել չեն կարող և դպրոցում առկա այլ անօրինությունները պետք է արագ վերացվեն: Հանձնաժողովը բոլոր փաստերը ներկայացրեց մարզպետին: Բայց անգամ ՀՀ նախկին վարչապետի օգնականի այցը, դպրոցը էլի ոչինչ չփոխեց: Հարկադրված բողոքող ծնողը իր երեխային այլ դպրոց տեղափոխեց: Աննա Նիկողոսյանի ապօրինություններին վերջ չկա և երկար կարելի է դրանց մասին խոսել: Սակայն կցանկանայի, որ ԿԳ նախարարը աչքի անցկացնի տնօրենի և մյուս փոխտնօրենի ստացած կրթությունը, նրանց պարապած ժամերը (ամբողջ տարվա ընթացքում պարապում են մի քանի ժամ` այն էլ դասի կեսը): Տնօրեն Ա. Նիկողոսյանի ցածր գիտելիքների մասին է խոսում թեկուզև այն փաստը, որ նա կարողացավ հավաստագիր հանել երկրորդ փորձից` այն էլ մի կերպ` ծանոթ-բարեկամների միջոցով: Պետք է տեսնել նրա հանձնած քննությունների արդյունքները: Կարգապահությունից է խոսում մի անձնավորություն, ով աշխատանքի է գալիս ժամը 10.00-ից ոչ շուտ: Չեմ կարող չխոսել նրա կողմից կիրառված վենդետաների մասին 2017թ. ապրիլին տեղի ունեցած ԱԺ ընտրություններից առաջ և հետո: Լինելով Գեղարքունիքի մարզի ՀՀԿ ռեյտինգային ցուցակում, նա պարտադրեց ուսուցիչներին, ծնողներին՝ ներկայացնել ցուցակներ և հավաստել, որ նրանք իրեն են ընտրելու (առկա է տեսաձայնագրություն): Ընդ որում` բոլոր ծնողկոմիտեները դասարանական ժողովներից հետո ցուցակներով ներկայացրել էին Ա. Նիկողոսյանին «հավատարիմ» 1200 ընտրողների անուններ: Արդյունքում նա Սևանի տարածքից ստացավ 12 ձայն, իսկ մարզից՝ ընդամենը 120 ձայն»,- նշեց տնօրենի տեղակալը՝ ընդգծելով, որ սա խոսում է Սևանում նրա հեղինակազրկված լինելու մասին:

Տնօրենի տեղակալը թեև համոզված է, որ ԿԳ նախարարի` դպրոցում լինելու դեպքում էլ գործի են դրվելու ամեն տեսակի լծակներ` հակառակն ապացուցելու և Աննա Նիկողոսյանին բարձրակարգ տնօրեն ներկայացնելու համար, սակայն հույս ունի նաև, որ ԿԳ նախարարը կպայքարի մինչև վերջ և բացահայտումներ կանի.

«Գրեթե համոզված եմ՝ իմ կողքին չի կանգնելու նաև գործընկերներից որևէ մեկը, քանի որ տնօրենին հաջողվել է դպրոցում այնպիսի մթնոլորտ ստեղծել, որ ոչ մեկը չի համարձակվի բարձրաձայնել նրա ապօրինությունների մասին: Բայց համոզված եմ նաև նրանում, որ նախարարն անշահախնդիր անձնավորություն է և կպայքարի մինչև վերջ: Հայաստանում հիմա շատ բան է փոխվել և ամենակարևորը` վերացել է վախի մթնոլորտը»,-ասաց փոխտնօրենը: