Մայիսի 8-ին խորհրդարանում վարչապետի թեկնածության քվեարկությունից հետո մամուլում եղավ տեղեկություն,  որ ՀՀԿ քաղաքական թևի ներկայացուցիչները բողոքում են, թե մյուսների վատ վարքի պատճառով իրենք են ընկնում հարվածի տակ: Առերևույթ, դա այդպես է: Տարիներ շարունակ ռազմական ու քրեական օլիգարխիան ապահովել է քաղաքական թևի առկայությունն իշխանության մեջ՝ իր վրա վերցնելով կենսագործունեության և վերարտադրության «սև գործը», իսկ քաղաքական թևն էլ դրա դիմաց «կիսել» է այդ օլիգարխիային հասցեագրվող հանրային քննադատությունը, այդ թվում նաև օլիգարխիային «ծածկելու» համար: Ներկայում տեղի ունեցող գործընթացները ստեղծում են այդ իմաստով ուշագրավ վիճակ. ներկայումս տեղի է ունենում ՀՀԿ քաղաքական և քրեաօլիգարխիկ թևերի տարանջատում: Սակայն այդ նույն քրեաօլիգարխիայի մոտ կասկածներ են առաջանում՝ դա օբյեկտիվ անհրաժեշտությո՞ւն է, թե՞ նման սցենարը որոշակի համաձայնությունների հետևանք է: Բնական է, որ կգտնվեն այնպիսի հանրապետականներ, ընդ որում՝ ոչ շարքային, որոնց համար վերջին շրջանի իրողություններն անչափ տարօրինակ կթվան: Նրանց մոտ կարող է տպավորություն ստեղծվել, որ ՀՀԿ քաղաքական թևը՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, իր համար ինչ-ինչ երաշխիքների դիմաց, կամ սեփական քայլերի համար պատասխանատվությունից խուսանավելու հույսով, «փուռն է տալիս» քրեաօլգարխիկ թևին: Վերջին շրջանի բացահայտումները և ձերբակալությունները հենց դրա մասին են վկայում: Եվ բնական է, որ հանրապետականների մոտ Սերժ Սարգսյանին ուղղված մի շարք հարցեր են առաջացել: Գաղտնիք չէ, որ Սարգսյանը երբեք չի շտապել կուսակից ընկերների հետ կիսվել իր ծրագրերով, ՀՀԿ ղեկավարի շատ և շատ որոշումների մասին հարազատ կուսակցությունում տեղեկացել են վերջինը: Գիտակցելով դա, այսօր օլիգարխիկ սեգմենտը փորձում է որոշակի դիստանցիա պահպանել ՀՀԿ քաղաքական թևից՝ գուցե հենց Սարգսյանի ստվերային համաձայնություններից իրեն ապահովագրելու և հաջորդը չդառնալու ցանկությունից դրդված:
 
Սակայն հենց այստեղ է, որ Սարգսյանին «օգնության է հասնում» իրավապահ համակարգը: Վերջին օրերին, ՀՔԾ, ԱԱԾ և ՊԵԿ ուշադրության կենտրոնում արդեն ոչ թե Սերժ Սարգսյանի մտերիմ շրջապատն է, այլ նրա ընտանիքի անդամները: Սաշիկ Սարգսյանի բերման ենթարկելուն և այնուհետև ազատ արձակելուն արդեն իսկ անդրադարձել ենք, երեկ էլ ՊԵԿ–ը հայտարարել է նոր քրեական գործի մասին, որ հարուցվել է Սերժ Սարգսյանի եղբոր՝ Լևոն Սարգսյանի ընտանիքի առնչությամբ, չհայտարարագրված միլիոնավոր դոլարների, ապօրինի հարստացման հատկանիշներով: Թիրախավորելով նախկին վարչապետի ընտանիքի անդամներին իրավապահ համակարգը կամա թե ակամա՝ ՀՀԿ-ում լուրջ ալլիբի է ապահովում Սերժ Սարգսյանի համար, օգնելով նրան ազատվել ՀՀԿ-ում բարդ հարցադրումներից, նրան տալով «ալլիբի» բոլոր այն կասկածների դեմ, որ ունեն ՀՀԿ-ականները: Չէ՞ որ Սերժ Սարգսյանը չէր հանձնի իր ամենամերձավորներին, ինչպե՞ս կարող են կասկածել նրան իրենցից ազատվելու կամ իրենց հանձնելու մեջ: Սարգսյանն ազատվում է նաև հանրապետականների հանդեպ ունեցած բարոյահոգեբանական պատասխանատվությունից, հավանաբար՝ նոր բացահայտումներին ընդառաջ: Ինչ վերաբերում է քաղաքական թևին, ապա ցրելով իր հանդեպ եղած կասկածները, Սարգսյանը նրանց կարող է համոզել, որ առաջիկա ամիսները նյարդերի պայքար է լինելու ու հարկավոր է համբերել ու սպասել, քանի որ ներկա իրողությունը ցույց է տալիս, որ նոր իշխանությունը զբաղված է միայն «տեսարաններ» ապահովելով, իսկ առանց «հացի» հնարավոր չէ երկար ձգել։ Այսպիսով, նա կապահովի ՀՀԿ առնվազն քաղաքական թևի կոնսոլիդիացիան, ինչը ՀՀԿ համար այս պահին գերխնդիր է համարվում:
 
Ի դեպ՝ տեսարանների մասին. մինչ օրս Սարգսյանի ընտանիքի անդամների նկատմամբ իրավապահ համակարգի կասկածները կամ ցրվում են՝ ինչպես եղավ Սաշիկ Սարգսյանի օրինական զենքերի պարագայում, կամ էլ նրանք իրավիճակից դուրս են գալիս հարաբերականորեն էժան գին վճարելով՝ ստորագրությամբ ազատ են արձակվում: Այսինքն՝ հանրությանը հրամցվում է միայն բուտաֆորիկ մասը, օրինակ՝ ձեռնաշղթաներով Սաշիկ Սարգսյանը՝ օրը ցերեկով՝ Երևանի կենտրոնում: Եվ դա հանրության շրջանում մեծագույն էյֆորիա է առաջացնում, չէ՞ որ հազարավոր քաղաքացիներ տարիներ շարունակ այդ տեսարանի մասին են երազել՝ միևնույն ժամանակ, դրա հավանականությունը դասելով ֆանտաստիկայի ժանրին: Սակայն, թե ինչ է լինում բուտաֆորիայի ավարտից հետո՝ հանրությանը, որպես կանոն, չի հետաքրքրում: Հարցեր չի առաջացնում նաև այն, որ իրավապահները, պտույտներ տալով Սարգսյանի մերձավորների և ընտանիքի անդամների շուրջ, դեռևս չեն հասնում նրան: Մինչդեռ հասկանալի է, որ ոչ Սաշիկ Սարգսյանը, ոչ Լևոն Սարգսյանը, և, առավել ևս՝ Վաչագան Ղազարյանը ինքնագլուխ չեն թալանել պետությունը: Կա՞ ստվերային համաձայնություն, թե՞ ոչ, հանրապետականների կասկածները հիմնավո՞ր են թե ոչ՝ մենք չենք կարող ասել, սակայն քանի դեռ Սերժ Սարգսյանին հաջողվում է խուսափել իրավապահ մարմինների անմիջական թիրախում հայտնվելուց՝ ՀՀԿ համար քաղաքական դիակի չվերածվելու որոշակի հույսեր են պահպանվում: Քանի որ գաղտնիք չէ՝ ՀՀԿ՝ նույնիսկ այսպես կոչված, քաղաքական թևի կոնսոլիդացիայի միակ աղբյուրը ոչ թե ինչ-որ գաղափարներ են, այլ՝ հենց Սերժ Սարգսյանը: