«Դոն Պիպո» մականունով հայտնի քրեական հեղինակություն Արթուր Ասատրյանի 4 ընկերները, ովքեր նույն օրը նրա հետ ձերբակալվել էին, ազատ են արձակվել: ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց փաստաբան Գեղամ Հակոբյանը՝ նշելով, որ նրանք ազատ են արձակվել դեռևս ձերբակալությունից 3 օր անց:

Նա տեղեկացրեց՝ Վերաքննիչ դատարան բողոք է ներկայացրել Արթուր Ասատրյանին կալանավորելու մասին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշման դեմ, քանի որ համաձայն չեն առաջադրված մեղադրանքին. «Արթուր Ասատրյանին կալանավորելու հիմքերն իսպառ բացակայում են: Նա իրեն մեղավոր չի ճանաչում և պնդում է, որ առաջադրված մեղադրանքն անհիմն է: Նրան մեղադրում են իր սպանությունը նախապատրաստած անձանց առևանգելու մեջ: Գործով արծարծվում է, որ Արթուր Ասատրյանի հետ ում հանդիպեին, սպանելու էին, այդ թվում՝ ընտանիքի անդամներին, եթե դա այդպես է, ապա պատկերացրեք՝ ինչ է կանխվել»:

Հիշեցնենք՝ Դոն Պիպոն և իր 4 ընկերները, ովքեր հանդիսանում են ՌԴ քաղաքացիներ, ձերբակալվել էին հունիսի 17-ին: Նշենք, որ Դոն Պիպոն մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ եւ 6-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով, զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ, երեք անձի առևանգումը) եւ 235-րդ հոդվածի 2-րդ մասով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ հրազեն եւ ռազմամթերք ապօրինի կերպով ձեռք բերելը եւ պահելը): Ըստ մեղադրանքի՝ նա առևանգել և երեք օր ապօրինի պահել է իր դեմ սպանության նախապատրաստման մեջ մեղադրվող 3 անձանց, որոնց ծեծի են ենթարկել, պահանջելով խոստովանել, թե ով է Արթուր Ասատրյանի սպանության պատվիրատուն։ Իսկ ընկերները մեղադրվում են զենքն ու ռազմամթերքը պահելու մեջ: Դոն Պիպոն կալանքի տակ է հունիսի 19-ից։

«Մեղադրանքը կոնտեքստից կտրված է, և Արթուր Ասատրյանի սպանության նախապատրաստման մասով նախաքննությունն ավարտվել է։ Նրան մեղադրում են այն անձանց առևանգելու համար, որոնց վերաբերյալ գործը արդեն մեկ տարուց ավելի է՝ գտնվում է դատարանում։ Այսինքն՝ գոնե նախաքննական փուլով հաստատված հանգամանք ունենք, որ սպանության նախապատրաստական գործողությունները տեղի են ունեցել և նրան փաստացի մեղադրում են դրանք կանխելու համար: Առևանգում, որպես այդպիսին, տեղի չի ունեցել»,- ասաց նա:

Փաստաբանի խոսքով՝ գործում բացակայում են կալանքի հիմքերը և իր պաշտպանյալի կատմամբ քրեական գործը հարուցվել է 2017-ի մայիսին և շուրջ մեկ տարի այս գործի շրջանակներում Արթուր Ասատրյանը ճանաչվել է տուժող, մասնակցել է հարցաքննություններին, չի խոչընդոտել նախաքննությանը. «Կալանավորումը հիմնավորվում է նրանով, որ ազատության մեջ լինելու դեպքում կխոչընդոտի վարույթն իրականացնող մարմնին, սակայն նման հանգամանք դատարանում չհիմնավորվեց և կալանավորման հիմքերը բացակայում են»,-նշեց փաստաբանը։

Անդրադառնալով ԱԱԾ խուզարկությամբ Արթուր Ասատրյանի բնակարանում հայտնաբերված զենք-զինամթերքի օրինական լինել-չլինելուն, պաշտպանն ասաց, որ խուզարկությունը կատարվել է ոչ թե Արթուր Ասատրյանի, այլ վերջինիս հոր բնակարանում, և իր պաշտպանյալը տարվա մեջ ընդամենը 25 օր է լինում Հայաստանում: Փաստաբանի խոսքով՝ Արթուր Ասատրյանն ասել է՝ որևէ կապ չունի հայտնաբերված զենքերի հետ. դա իր հոր տունն է, որտեղ տարբեր մարդիկ են մտնում, դուրս գալիս:

Ապա անդրադառնալով ԱԱԾ-ի հրապարակած տեսանյութին, որտեղ առևանգված անձինք պատասխանում են Արթուր Ասատրյանի հարցերին, նշեց. «Տեսանյութում ո՛չ առևանգում կա, ո՛չ բռնություն, ո՛չ կոպիտ խոսք, ընդամենը հարցերի են պատասխանում։ Պարզապես այդ ամենը սխալ մեկնաբանվեց: Ես վստահ չեմ, որ հարցեր տվողը Արթուր Ասատրյանն է»,- նշեց փաստաբանը։

Դիտարկմանը՝ ինչպե՞ս է ստացվել, որ ձերբակալվելուց հետո մեղադրյալների մարմիններին վնասվածքներ են հայտնաբերվել, քանի որ, ինչպես հայտնի է՝ Արթուր Ասատրյանն է նրանց հանձնել իրավապահներին, փաստաբանը նկատեց՝ քանի դեռ իր պաշտպանյալը ցուցմունք չի տվել, որևէ ավել տեղեկություն չի կարող հայտնել և, հետևաբար, չի կարող ասել, թե վնասվածները երբ, որտեղ ու ինչպես են առաջացել:

Նա նշեց՝ իր պաշտպանյալի սպանությունը նախապատրաստելու պատվիրատուի վերաբերյալ որևէ տեղեկություն չունեն:

Սոնա Հարությունյան