Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հրավիրվել է Հատուկ քննչական ծառայություն՝ հարցաքննության. նրան ծանուցագիր է ուղարկվել: Տեղեկությունը ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում չհերքեցին ՀՔԾ-ից:

Սակայն մեզ հետ զրույցում տեղեկությունը չհաստատեց Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը. «Ես առայժմ ծանուցման թուղթ չեմ ստացել, պարոն Քոչարյանը ևս»,- ասաց Սողոմոնյանը:

Նշենք, որ Պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել: Ավելի վաղ ՀՔԾ-ն տեղեկացրեց, որ Մարտի 1-ի գործով որպես մեղադրյալ է ներգրավվել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախկին նախարար, գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով, այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, տապալել է սահմանադրական կարգը: 

Փաստորեն, Մարտի 1-ի իրադարձությունների բացահայտումը նոր թափ է առնում: Վարչապետ ընտրվելուց հետո Նիկոլ Փաշինյանը, փաստորեն, պատրաստվում է ամբողջությամբ բացահայտել 10 տարի քնեցված աղմկոտ քաղաքական սպանությունների գործը ևպատասխանատվության կանչել բարձրաստիճան նախկին պաշտոնյաներին:

Սոնա Հարությունյան