Կառավարության այսօրվա նիստում Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանն առաջարկեց փոփոխություն կատարել 2018 թվականի պետական բյուջեում և Կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 28-ի N 1717-Ն որոշման մեջ։ 

Նշենք, որ որոշմամբ տնտեսվել է 1,477.6 հազ. եվրո, որը Գերմանիայի զարգացման վարկերի բանկի (KfW) և ՀՀ կառավարության համաձայնությամբ նպատակաուղղվել է ենթակայանների սպասարկման համար անհրաժեշտ գործիքների և մեքենա-մեխանիզմների ձեռքբերմանը:

Իրականացված միջազգային մրցույթի արդյունքում «Բարձրավոլտ Էլեկտրացանցեր» ՓԲԸ և «Կալուգագլավսնաբ» ԲԲԸ/«Ռուսկոմտրանս» ՍՊԸ կոնսորցիումի միջև կնքվել է մեքենա-մեխանիզմների և պահեստամասերի ձեռքբերման պայմանագիր՝ ընդհանուր 1,432.9 հազ. եվրո գումարով:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գրիգորյանից հետաքրքրվեց՝ «Բարձրավոլտ Էլեկտրացանցեր» ՓԲԸ և «Կալուգագլավսնաբ» ԲԲԸ միջև կնքված համաձայնագիրը, մրցույթո՞վ է արվել, թե ոչ՝ նկատի ունենալով ընկերությունների միջև եղած հնարավոր կապը. «Եթե մրցույթվ չի արվել, ապա ինչո՞ւ: Արդյո՞ք կատարված ծախսն արդյունավետ է»։

Նախարարը պարզաբանեց՝ քանի որ այն տեղի է ունեցել 2017-ին, խնայված միջոցներով նման գնում կատարելը համաձայնեցվել է Կառավարության և KFW-ի միջև և տեղի է ունեցել մրցույթ: Սակայն ծախսված միջոցներն արդյունավետ են օգտագործվել, թե ոչ՝ նախարարը զերծ մնաց գնահատականներ տալուց։

Նախագիծը չընդունվեց, քանի որ Կառավարությունը դրան որոշեց անդրադառնալ ավելի ուշ.

«Թղթարարության առումով ամեն ինչ պարզ է, բայց մի հատ իրականության մակարդակով էլ հասկանանք, նոր մեր պարտավորությունը կատարենք: Եկեք այս հարցը հետաձգենք և առաջիկա նիստերից մեկում քննարկենք»,- եզրափակեց Փաշինյանը: