Երևանաբնակների համար փողոցային առևտրի գոյությունը դարձել է սովորական երևույթ, ընդունելի է դարձել փողոցի տարբեր հատվածներում, մայթեզրերին տեղավորված առևտրականների ներկայությունը։ Չնայած Երևանի քաղաքապետարանի խոստումներին, որ բացօթյա առևտուրը փողոցից տեղափոխվելու է փակ տարածքներ՝ դեռևս իրավիճակի փոփոխության լուրջ տեղաշարժեր չեն եղել, ավելին՝ փողոցային առևտուրը զարգացման նոր թափ է ստացել, մասնավորապես՝ տարվա այս սեզոնին քաղաքի կենտրոնական հատվածներում տպավորություն է, թե գտնվում ենք բացօթյա շուկայում։ Սա մտահոգությունների տեղիք է տալիս, քանի որ բացի Կենտրոնի ընդհանուր կոլորիտն աղավաղելուց, հակահիգիենիկ պայմաններում սնունդ է վաճառվում: Հատկապես մտահոգիչ է Հանրապետության հրապարակում վաճառվող քաղցր բամբակի որակը:

ԼՈւՐԵՐ․com-ի հետ զրույցում Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Անուշ Հարությունյանը նշեց, որ օրենքը ՍԱՊԾ-ին հնարավորություն չի տալիս վերահսկել փողոցային առևտուրը, սակայն դա ևս նրանց մտահոգությունների տիրույթում է։

«Փողոցային առևտուրը վերահսկում է քաղաքապետարանը, և հենց նա էլ պետք է արգելի։ Եթե փողոցում ինչ-որ բան է վաճառվում, ՍԱՊԾ-ի համար համարվում է ոչ ճիշտ և ոչ անվտանգ։ Մթերքը, օրինակ՝ քաղցր բամբակը, երբ պատրաստվում և վաճառվում է փողոցում, անվտանգ չի կարող համարվել»,- ասաց Հարությունյանը, ով մտահոգությունից զատ այլ անելիք՝ ծառայությանը չվերագրեց: Թեև միայն այս ծառայության անվանումն իրենից ենթադրում է, որ այն պետք է լիազորություններ ունենա վաճառվող սննդի որակի վերահսկման գործում, հետևաբար, կա՛մ Անուշ Հարությունյանը լավ չի տիրապետում ծառայության լիազորություններին, կա՛մ ՍԱՊԾ-ում առկա է լիազորությունների և մոտեցումների փոփոխության անհրաժեշտություն: Եթե իրենց չի վերաբերում փողոցային առևտրի թույլատվություն տալ կամ չտալը, ապա վաճառվող սննդի որակի ստուգման վերաբերյալ անելիք՝ հաստատապես ունեն:

Քաղաքապետարանի Հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանը խուսափեց որևէ պատասխան տալ այս հարցի շուրջ։ Նրանց կողմից այդպիսի հանցավոր անգործությունը, երբ քաղաքը վերածվում է շուկայի, իսկ զբոսաշրջիկները Հանրապետության հրապարակում դրան են ականատես լինում, մեր երեխաները ձգտում են այդ պայմաններում պատրաստվող քաղցր բամբակներ ճաշակել՝ մտահոգիչ է։

Գուցե քաղաքի նման բարձիթողի վիճակն անմիջական կապ ունի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականի մասին խոսակցությունների և վերջին շրջանում նրա «անհետացման» հետ, սակայն այս հարցը որքան հնարավոր է շուտ՝ լուծում է պահանջում։

Արմինե Արմենակյան