Ազգային ժողովում ընթանում են Ընտրական օրենսգրքի փոփոխությունների հարցով քննարկումները։ ԱԺ 4 խորհրդարանական ուժերի 3-ական ներկայացուցչիներով կազմված աշխատանքային խումբը թվով երկրորդ նիստն է անցկացնում։

ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Սպարտակ Սեյրանյանն անդրադարձավ խորհրդարան մտնելու անցողիկ շեմը մեկ տոկոսով նվազեցնելուն․

 

«Շեմը իջեցնել ու բարձրացնելով՝ իրենցից ոչինչ չներկայացնող քաղաքական ուժին մենք ընդամենը հնարավորություն ենք տալիս մտնել խորհրդարան, բայց ոչ կայանալ որպես քաղաքական ուժ։ Դա նման է բուհերի ընդունելությանը՝ իջեցնում ենք շեմը և երեք 8-ով ընդունվում են, դառնում բժիշկ ու սկսում են մարդ սպանել։ Մեր փաստարկների և արգումենտացիայի մեջ կուսակցությունների կայանալ կամ չկայանալը անցողիկի բարձրացնելու հետ պետք է չկապենք։ Ավելին՝ եթե ուզում եք չկայանա՝ իջեցրեք ինչքան ուզում եք։ Սարքեք խորհրդարան մտնելը փաբ մտնելուն համազոր»,-ասաց Սեյրանյանը։

Նրա խոսքին ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը հավելեց. «Խորհրդարանական կառավարման համակարգում, եթե դասական ենք քննարկում միջազգային փորձը՝ Վենետիկից մինչև ԵԽԽՎ, ցածր սահմանաշեմերը ընդունելի են շատ լավ հաստատված ժողովրդավարական երկրներում։ Բարձր շեմերը  համարվում են օրինաչափ, գերակա նպատակ, երբ դու ուզում ես կայացնել խորհրդարանական համակարգը։ Ցածր շեմը չի կարող քաղաքական ուժերին կայացնել»։ 

ԵԼՔ-ից Լենա Նազարյանն ի պատասխան ասաց՝ «Նոր իրավիճակում ի հայտ կգան նոր քաղաքական ուժեր՝ նոր օրակարգով։ Կարծում եմ՝ պետք է հնարավորություն տրվի նրանց հայտնվել խորհրդարանում»։

 

Նաիրա Զոհրաբյանը նրան հակադարձեց, որ նոր կուսակցությունները կարող են քաղաքական ճանապարհ անցնել և մյուս ընտություններին մասնակցել. «Մենք ինտերակտիվ մուտքի խնդիր չունենք՝ բոլոր նոր ստեղծվող քաղաքական ուժերի համար ապահովելու փաբային մուտք»,-ասաց Զոհրաբյանը։

Քննարկվեց նաև քվեարկած անձանց լրացուցիչ ցանկերի հրապարակման հարցը, որպեսզի ստորագրված ցուցակներին զուգահեռ՝  նաև հրապարակվի էլեկտրոնային գրանցման սարքերի ցուցակները, սակայն նախկին ՊՆ Վիգեն Սարգսյանը նկատեց, որ վիճելի հարց է, քանի որ կարող է խախտվել քվերակության գաղտնիությունը։