Ինչպես տեղեկացրել ենք, վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր անձամբ եղավ Ջերմուկում՝ տեղում ծանոթանալու Ամուլսարի հանքի շուրջ ստեղծված խնդրին։ Սակայն հանդիպումը հանքի շահագործմանը դեմ պայքարողներն այդքան էլ արդյունավետ չեն համարում։ Մասնավորապես, նրանք չեն պատրաստվում բացել իրենց կողմից փակված ճանապարհները և պնդում են, որ շարունակելու են պայքարը։

«Ընդհանուր հայտարարի չեկանք։ Իրականում ժամանակի խնդիր կար, եթե ժամանակը շատ լիներ կարծում եմ՝ բանակցություններն արդյունք կտային․ երեք կողմերով՝ բողոքող բնակիչներ, կառավարություն և «Լիդիան» չկարողացանք երկար, մանրամասն քննարկել։ Պարոն Փաշինյանն առաջարկում էր զիջման տարբերակներ գտնել, բայց դրա շուրջ չկարողացանք համաձայնության գալ, կարծում եմ, եթե այլ հանդիպում լինի՝ քննարկելու այդ զիջումների պահը, կհասկանանք։ Մենք ուզում ենք պետական բարձր մակարդակով որոշում կայացվի։ Միշտ ասել ենք, որ հանդիպումների, նամակների ժամանակն անցել է, հիմա որոշումների ժամանակն է։ Մենք ուզում ենք, որ համայնքի կարծիքը պետությունն ընդունի որպես ծանրակշիռ փաստարկ»,- պատմեց ակտիվիստ Վազգեն Գալստյանը։

 

Մեր թղթակցի հարցին, թե վարչապետը վերջում տեղեկացա՞վ, որ ակտիվիստները չեն պատրաստվում բացել ճանապարհը,  Վազգեն Գալստյանը պատասխանեց․ «Այո′, մեր դիրքորուշումը հստակ է և մենք տեղեկացրինք վարչապետին։ Մեր դիրքորոշումը ցույց ենք տալիս այն կերպով, որ դեռ շարունակում ենք ճանապրհները փակ պահել։ Շարունակելու ենք մինչև հարցի վերջնական լուծումը։ Կառավարության ենթակա կառույցներ կան, որոնք կարող են գործընթացով զբաղվել։ Ձևավորված աշխատանքային խումբն արագացված կերպով ուսումնասիրություններ է անում տարածքում, ինչքան շուտ նրանք այդ հարցը կարգավորեն, այդքան օգուտ կլինի բոլոր կողմերին»,- ասաց մեր զրուցակիցը։

 

Լիլիթ Հակոբյան