Օրերս ԱԱԾ հերթական ստուգումների արդյունքում աղմկահարույց բացահայտումներ արվեցին Երրորդ նախագահ Սերժ Սարգսյան եղբոր՝ Սաշիկ Սարգսյանի որդու՝ Նարեկ Սարգսյանի բնակարում: Մասնավորապես, ԱԱԾ հաղորդումից հայտնի դարձավ՝ դեռևս 2013 թ. Նարեկ Սարգսյանը չարաշահելով նկարիչ Մարտիրոս Սարյանի ժառանգներից մեկի վստահությունը, նրանից վերցրել է նկարչի շուրջ 280 000 ԱՄՆ դոլար արժողությամբ թվով 14 գծանկարները` խոստանալով դրանց դիմաց վճարել 28 հազար ԱՄՆ դոլար, իսկ մնացած գումարով համատեղ հիմնադրել խաղատուն և հովանավորել դրա գործունեությունը: Սակայն նկարներին տիրանալուց հետո Սարգսյանը խոստումը չի կատարել և անտեսելով տուժողի բազմաթիվ պահանջները հրաժարվել է վերադարձնել նկարները:

Իսկ թե ո՞վ է վարպետի ժառանգորդն, ով համաձայնել էր «համագործակցել» Սաշիկ Սարգսյանի որդու հետ՝ փորձեցինք պարզել «Մարտիրոս Սարյանի տուն-թանգարան»-ի տնօրեն, նկարչի թոռնուհի Ռուզաննա Սարյանի լիազորված անձից:ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում Սարյանի ժառանգության որոշ մասի լիազորված անձ Նաիրի Ավետիսյանը նշեց, որ իրենք տեղեկություն չունեն մյուս մասի վերաբերյալ. «ԱԱԾ-ի հաղորդման մեջ նշվածի վերաբերյալ տեղեկություն չունենք: Դա ընտանիքի ժառանգության մաս է և թանգարանի տնօրինությունը տեղեկություն չունի դրա վերաբերյալ: Քանի որ նախաքննություն է ընթանում, ընտանիքի անդամները չեն կարող տեղեկություն տրամադրել»,- նշեց փաստաբանը:

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ նկարչի թվով 14 գծանկարները՝ խաղատան հետ փորձել է փոխանակել վերջինիս ծոռը՝ թոռան՝ Ռուբեն Սարյանի որդին՝ Ղազարոս Սարյանը։ Ինքը՝ խառնիճաղանջ գործարքների մեջ թաթախված ծոռը ևս հաստատել է դա: Ղազարոս Սարյանը ասել է, որ ինքն է կնքել պայմանագիրը. «Այո, ես կամ այդ գործում, բայց էնպես ա, որ իմ ընտանիքն էլ ա տեղյակ եղել դրանցից, սաղ էլ գիտեն ինչը-ոնցա։ Ես լիցենզիա եմ ուզել Սարգսյաններից, բայց իրանք տենց էլ չտվեցին (խոսքը խաղատան լինցենզիայի մասին է)»,- նշել է Ղազարոս Սարյանը և պատճառաբանել, թե իրեն արգելել են խոսել այդ թեմայով։

«Կներեք քուրիկ ջան, ասել են, որ ոչ մի բառ չխոսամ, հետո զանգեք ինչ պետքա կասեմ, հիմա բան չեմ կարա ասեմ»,-խոսքը եզրափակել է Ղազարոս Սարյանը։ 

Ստեղծված իրավիճակի վերաբերյալ իր վրդովմունքն է արտահայտել «Մարտիրոս Սարյանի Տուն-Թանգարան»-ի ֆոնդապահ, նկարչի թոռնուհի Սոֆյա Սարյանը: Վերջինս փոխանցել է, որ Սարյանի որդու մահից հետո պետական ֆոնդ չփոխանցված գործերը 2013-ին բաշխվել են որդու ժառանգների՝ կնոջ և չորս երեխաների միջև: Ըստ նրա 14 գծանկարները իբրև ժառանգություն փոխանցել են Մարտիրոս Սարյանի թոռանը՝ Ռուբեն Սարյանին, ում որդին՝ Ղազարոս Սարյանը, կտավները տվել է Սաշիկ Սարգսյանի որդուն:

«Գծանկարները մասնավոր սեփականություն են, որոնք ժառանգաբար փոխանցվում են: Դրսևորել է սխալ պահվածք, որի իրավունքը ժառանգը չունի: Նա թեև իր մոլորված վիճակներից էր պատմում, բայց ես արդարացում չեմ տեսնում. սխալվել է նկարները հենց առանց գումարի տալու հարցում»,- ասել է Սոֆյա Սարյանը:

Նա նշել է, որ նկարչի ծոռը ունեցել է թե՛ առողջական, թե՛ տարբեր այլ խնդիրներ, որի պատճառով էլ ինչպես հեգնեց Սոֆյա Սարյանը «մոլորության մեջ է գտնվել»

Նա նշեց՝ պետք է պարզել նաև՝ մեծանուն նկարչի գրչին պատկանող մի քանի այլ նկարներն ինչպես են հայտնվել Սարգսյանների մոտ, ապա հավաստիացրեց՝ դրանք տուն-թանգարանի ֆոնդից չեն և հարկավոր է ճշտել նաև Ազգային պատկերասրահի ֆոնդից:

Նշենք, որ ԱԱԾ-ի խուզարկության ընթացքում Սաշիկ Սարգսյանը հայտնել է, թե իբր նկարները գնվել են իր կողմից, որից հետո հարցաքննվել է ԱԱԾ քննչական վարչությունում: Բացի այդ, առերես հարցաքննության է ենթարկվել հաղորդում տված անձի հետ, ով կրկին պնդել է, որ նկարները խաբեությամբ իրենից հափշտակել է Նարեկ Սարգսյանը:

Քննչական գործողությունների արդյունքում հայտնի է դարձել, որ Նարեկ Սարգսյանը 2018 թվականի հունիսի 22-ին իր թիկնապահ Արտեմ Պետրոսյանի հետ մեկնել է Մոսկվա՝ այնտեղից որևէ եվրոպական երկիր մեկնելու նպատակով

Վերջիններս ներգրավվել է որպես մեղադրյալ, նրանց նկատմամբ հայտարարվել է հետախուզում և որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը:

Սոնա Հարությունյան