Երեկ Հանրապետական մարզադաշտում կայացած «Լեգենդների խաղին» ներկա էր նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Վերջինս անչափ ջերմ ընդունելության արժանացավ տրիբունաների կողմից: Ի դեպ՝ Փաշինյանը միայնակ չէր ժամանել Հանրապետական. նրա կողքին էր ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը: Սակայն ուշագրավն այս դրվագում ոչ թե Փաշինյանի ու Վանեցյանի ներկայությունն էր, այլ մեկ ուրիշ առանցքային անձի՝ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի բացակայությունը:
 
Լինելով նախկին իշխանությունների քրեաօլիգարխիկ հենասյուներից մեկը՝ Հայրապետյանը կարևորագույն խաղերին մշտապես Սերժ Սարգսյանի կողքին էր՝ կառավարական օթյակում: Հիմա, ինչ խոսք, իրավիճակ է փոխվել և «Նեմեց Ռուբոյի» բացակայությունը նոր իշխանության կողքին՝ աառավել քան խոսուն է:Գուցե նրան չե՞ն հրավիրել, կամ ի՞նքն է ողջամտություն դրսևորել՝ հասկանալով, որ հազարավոր մարզասերներ Նի-կոլ, Նի-կոլ վանկարկելուց հետո ինչ «հաճելի» խոսքեր կշռայլեն հայկական ֆուբոլի գերեզմանափորի հասցեին:
  
Հայրապետյանի գործերը վատ են նաև մարզադաշտից դուրս: Որոշ տեղեկությունների համաձայն, հայկական 5-6 ակումբներ մտադիր են բոյկոտել ՀՖՖ-ի կազմակերպած Բարձրագույն խմբի առաջնությունը և ստեղծել այլընտրանքային լիգա: Դրան ի պատասխան, Հայրապետյանն էլ որոշել է պրոֆեսիոնալ լիգա ստեղծել՝ ենթադրելով, որ ակումբները պետք է առանց երկմտելու մասնակցեն այդ մրցաշարին: Հողը փախչում է Հայրապետյանի ոտքերի տակից, և պրոֆեսիոնալ լիգա ստեղծելու նախաձեռնությանբ ՀՖՖ-ի նախագահն ուղղակի «կուտ է տալիս» ակումբներին, որպեսզի նրանք չբոյկոտեն Բարձրագույն խմբի առաջնությունը: Հայրապետյանը և նրա խորհրդատուները չեն գիտակցում, որ ակումբները բոյկոտում են ոչ թե ՀՖՖ-ին, այլ հենց Հայրապետյան Ռուբենին, որը կործանել է մեր ֆուտբոլը: ՀՖՖ նախագահի ընտրության հարցում էլ ամեն ինչ հարթ չէ ընթանում. այստեղ ևս Հայրապետյանի «մտքի թռիչքը» մի շարք մախինացիաների է դիմել՝ ՀՀՖ նախագահի պաշտոնում իր վերընտրվելու գործը հեշտացնելու նպատակով: Բայց կարծես թե ամեն ինչ իզուր է: Դեռևս թավշյա հեղափոխության օրերին Նիկոլ Փաշինյանը ծակ գնդակ էր տարել ՀՖՖ շենքի մոտ՝ հարյուրավոր ցուցարարների հետ միասին պահանջելով Հայրապետյանի հրաժարականը: Արդեն վարչապետ դառնալուց հետո, ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադառնալով ՀՖՖ նախագահի մախինացիաներին, Փաշինյանը նշել էր, թե հուսով է՝ ՀՖՖ նախագահի ընտրությունները երկրպագուների սրտով կլինեն: Իսկ թե ինչ է ցանկանում յուրաքանչյուր քաղաքացի, ով անտարբեր չէ հայկական ֆուտբոլի ապագայի հանդեպ՝ գաղտնիք չէ, ինչպես և գաղտնիք չէ, որ Հայրապետյանի ներկայությունը հայկական ֆուտբոլում՝ ուղղակի թույլ չի տալիս, որպեսզի ներդրումներ արվեն, ակումբներ ստեղծվեն, քայլեր արվեն ֆուտբոլը զարգացնելու համար: Եվ այս իրավիճակն անհապաղ պետք է շտկվի: Հուսանք՝ Հայրապետյանի երեկվա բացական դրական մեսիջ է բոլոր ֆուտբոլասերների համար:
 
Ի դեպ, այսօր էլ վարչապետ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում շարունակել է ֆուտբոլային թեման՝ լուսանկար հրապարակելով հայազգի աշխարհահռչակ ֆուտբոլիստի՝ Յուրի Ջորկաեֆի հետ: Վերջինս, ըստ Փաշինյանի, պատրաստակամություն է հայտնել ամեն կերպ օժանդակել հայկական ֆուտբոլի զարգացմանը: Ջորկաեֆին շատերն էին տեսնում Հայաստանի հավաքականի մարզչի կամ ինչու ոչ՝ ՀՖՖ ղեկավարի պաշտոնում: Ի վերջո, այդ պաշտոնը պետք է զբաղեցնի մեկը, ով հասկանում է ֆուտբոլից և ֆուտբոլային մենեջմենթից: Իսկ Հայրապետյանի հեռացումը կազդարարի ոչ միայն հայկական ֆուտբոլի ազատագրումը, այլև հին համակարգի քրեաօլիգարխիկ սեգմենտի ևս մեկ կարկառուն ներկայացուցչի ֆիասկոն՝ Նոր Հայաստանում: Պատահական չէ Փաշինյանի այն հայտարարությունը, որ քաղաքական այն փոփոխությունները, որոնք տեղի ունեցան Հայաստանում, իրականում մշակութային մեծ հակամարտության հանգուցալուծում էին։ Բռնության մշակույթն ընդդեմ սիրո մշակույթի մրցակցությունում հաղթեց սիրո մշակույթը, իսկ նեմեց ռուբոների մշակույթը Նոր Հայաստանում պարզապես դատապարտված է վերանալու:
 
Ստելլա Խաչատրյան