ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է կենտրոնական զինկոմիսարիատ, որտեղ գտնվում է նաև նրա նորակոչիկ որդին՝ Աշոտ Փաշինյանը: Լրագրողների հետ զրույցում վարչապետն ասաց, որ իր որդու համար անհանգստությունն ավելին չէ, քան բանակի մյուս զինվորների համար իր ունեցած անհանգստությունն ու մտահոգությունը: «Ես ի պաշտոնե իրավունք չունեմ իմ որդու մասին ավելի շատ հոգ տանել, քան բանակի մյուս զինվորների մասին»,-ընգծեց Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը ու ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի ճաշեցին զինակոչիկների հետ, որի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հնարավորություն ունեցավ շփվելու բանակ ուղևորվող տղաների հետ՝ հասկանալու ծառայության վայրի նրանց նախընտրությունները։

Ճաշից հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ սնունդը շատ որակով էր, բայց չի կարող մի զորամասի սնունդով պատկերացում կազմել բոլոր զորամասերի մասին: Ներկայում վարչապետն ու նախարարը շրջայց են կատարում զինկոմիսարիատում, նա մանրամասնորեն զննում է բոլոր սենյակները:

Ավելի վաղ՝ Աշոտ Փաշինյանն ասել էր, որ բանակ է զորակոչվում շատ լավ, բարձր տրամադրությամբ: «Դիմում եմ գրել Արցախում ծառայելու համար, իսկ ավելի շուտ՝ որտեղ ավելի շատ օգուտ կկարողանամ տալ, այնտեղ էլ կլինեմ»,-ասել էր նա: Վարչապետ Փաշինյանից Աշոտն առավոտյան խորհուրդներ ստացել է, սակայն չբարձրաձայնեց՝ նշելով, որ դրանք անձնական են: