Ինչպես արդեն տեղեկացրել ենք
՝ այսօր առավոտյան հայտնաբերվել է «Գազի Կոլյա» մականունով հայտնի Նիկոլայ Գաբրիելյանի դին, ով, ըստ նախնական տեղեկությունների՝ ինքնասպանություն է գործել հրազենի միջոցով: Տեղեկությունը ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում հաստատեց նաև Ոստիկանության ԶԼՄ-ի հետ կապի, վերլուծության և լրատվության պետ Էդգար Ջանոյանը։

Նկատենք, որ Նիկոլայ Գաբրիելյանը «Տրանսգազ» ընկերության տնօրենն էր և քրեական հեղինակություն համարվող «Ճվճվ Արո» մականվամբ հայտնի Արա Վարդանյանի կնոջ հայրը։ Բացի այդ, Նիկոլայ Գաբրիելյանը ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի մտերիմն էր:

Հիշեցնենք, որ նախորդ տարի, գրեթե նույն ժամանակահատվածում՝ հուլիսի 7-ին, իր բնակարանում հայտնաբերվել էր հայտնի «Ճվճվ Արոյի» դին, ով մահվանից օրեր առաջ էր Ռուսաստանից վերադարձել Հայաստան: Արա Վարդանյանի մասին հանրությունն իմացավ դեռևս 10 տարի առաջ, երբ գործարարն ընդգրկվեց Երևանի ավագանու ԲՀԿ-ական թեկնածուների ցուցակում և դարձավ ավագանու անդամ:

Նրա անունը կապվում էր «Լիա» գեղեցկության սրահում 2016թ. նոյեմբերի 13-ին տեղի ունեցած սպանության հետ: 

Հիշեցնենք, որ հիշյալ գեղեցկության սրահի նկուղային հարկում հնչած կրակոցների հետևանքով սպանվել էին 38-ամյա Մուշեղ Մուշեղյանն ու 25-ամյա Գևորգ Ավետիսյանը: Սպանության մեջ մեղադրվում էր հիշյալ գեղեցկության սրահի սեփականատերը՝ Պետրոս Իսրայելյանը: Որպես սպանության պատվիրատու՝ նշվում էր գործով մեղադրյալ Ալիկ Բանդուրյանի, ինչպես նաև Արա Վարդանյանի անունը: Սակայն հարկավոր է նշել նաև, որ Արա Վարդանյանի անունը որևէ դրվագով չի հիշատակվում նախաքննության շրջանակներում:

Այս ընտանիքի յուրաքանչյուր անդամի անուն շրջանառվում է մամուլի էջերում: «Ճվճվ Արոյի» մահից հետո էլ աղմկոտ պատմությունները կապվում են նրա որդիների հետ: «Գազի Կոլյայի» թոռները և «Ճվճվ Արոյի» որդիները հանրությանը հայտնի են իրենց անկարգապահությամբ, ցոփ ու շվայտ կյանքով, խուլիգանությամբ, նրանց անունը հաճախ կապվում է թմրանյութերիհետ: Վերջիններս անվերապահորեն վայելում էին իրենց պապի՝ «Գազի Կոլյայի» աջակցությունը:

«Ճվճվ Արոյի» ավագ որդին դատապարտված Սարգիս Վարդանյանն է, հանրությանն առավել հայտնի որպես Սաքուլիկ: Հենց նրա մեղավորությամբ 2018թ.հունվարի 8-ին Երևանի Աբովյան փողոցի և Սայաթ Նովա պողոտայի խաչմերուկում տեղի ունեցավ ավտովթար, որը երկու ոստիկանի կյանք խլեց: Սաքուլիկն իր վարած BMW X 6-ով դեպքի վայրից դիմել էր փախուստի, սակայն ժամեր անց ներկայացել էր ոստիկանություն:

Ամիսներ առաջ՝ հունվարի 9-ին, բերման էր ենթարկվել նաև «Ճվճվ Արոյի» կրստեր որդին՝ հետախուզման մեջ գտնվող Սերժ Վարդանյանը: Բանն այն է, որ Սերժ Վարդանյանի նկատմամբ հետախուզում էր հայտարարվել, երբ նրա ավագ  եղբոր՝ Սարգիս Վարդանյանի և ՃՈ մեքենայի բախման հետևանքով երկու ոստիկան էր մահացել: Նա ամիսներ առաջ ՀՀ քրեական օրենսգրքի երկու հոդվածներով՝ ՀՀ ՔՕ 176-րդ հոդվածի 1-ին մասով (կողոպուտ) և ՀՀ ՔՕ 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով (խուլիգանություն, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից) ներգրավվել էր որպես մեղադրյալ, սակայն իրավապահ մարմինները նպատակահարմար չէին համարել նրան հայտնաբերել և ձերբակալել։

Սոնա Հարությունյան