Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հուլիսի 10-ին կգումարվի Գերագույն հոգևոր խորհրդի ժողով, որի օրակարգային հարցերից կլինի վերջին օրերին ստեղծված իրավիճակի քննարկումը: Այս մասին տեղեկացրեց Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Վահրամ քահանա Մելիքյանը: Հարցին ի պատասխան՝ արդյոք նիստն արտահերթ է, Տեր Վահրամն ասաց, որ Համահայկական երիտասարդական հավաքի շրջանակներում Հայաստանում են գտնվում արտասահմանի Հայոց թեմերի ներկայացուցիչներ, նրանց մի մասը նաև Գերագույն հոգևոր խորհրդի անդամ են: «Այդ իսկ պատճառով որոշվեց գումարել Գերագույն հոգևոր խորհրդի ժողով»,-ասաց Մայր Աթոռի ներկայացուցիչը:

Տեր Վահրամը հաստատեց, որ բողոքի ակցիա նախաձեռնած քաղաքացիները դեռևս գտնվում են Մայր Աթոռի տարածում: «Եկեղեցին որևէ գործողություններ չի ձեռնարկում» հարցին անդրադառնալով՝ նա ասաց. «Այս պահի դրությամբ եկեղեցին ոչ մի գործողություն չի ձեռնարկում»:

Հուլիսի 6-ի առավոտյան Տեր Վահրամ քահանա Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել՝ տեղեկացնելով, որ կաթողիկոսի հրաժարականը պահանջող նախաձեռնության անդամները ներխուժել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Դիվանատան շենք՝ անվայելուչ պահվածքով, վերջնագրայինպահանջներով ու սադրիչ գործողություններով։

«Նրանք որևէ կերպ տրամադիր չեն ունկնդիր լինելու եկեղեցականների հորդորներին՝ դադարեցնելու նման անընդունելի և դատապարտելի վարվելակերպը»,-գրել էր նա՝ հավելելով, որ նախաձեռնության անդամները փորձել են բռնություն գործադրել։ Մի խումբ անձինք շարունակում են մնալ այնտեղ, վրաններ են տեղադրել Մայր տաճարի շրջակայքում, իսկ կիրակի օրը համացանցում տարածված տեսանյութից երևում է, որ Դիվանատան նախասրահը մի խումբ քաղաքացիներ վերածել են ճաշարանի: