Այսօր՝ հուլիսի 10-ին, ՀՀ կառավարության շենքի առջև բողոքի ակցիա են իրականցնում մի խումբ բնակարանատերեր, ովքեր պնդում են, որ «Գլենդել Հիլզ» ընկերությունը խաբել է իրենց: Նրանք խնդրում են նոր կառավարությանը՝ ընթացք տալ իրենց խնդրին։

Բողոքի ակցիայի մասնակիցներն ընկերությանը որոշակի չափի գումար են հատկացրել, սակայն 2015 թվականին ընկերությունը սնանկ է ճանաչվել և բնակարանատերերին իրենց վճարած գումարները չեն վերադարձրել։ Գլխավոր պարտատերեր են ճանաչվել «Ամերիա բանկ»-ը և Ֆինանսների նախարարությունը։

«Աշխատակազմից Հայկ Սիմոնյանին դիմել ենք՝ ասել է՝ քանի որ բյուջե չունեն՝ նրանց օգնությունն այն կլինի, որ «Գլենդել Հիլզ»-ին փոխարինած ընկերությունը վերաձևակերպի պայմանագրերը, որով մենք շատ ավելի թանկ ենք վճարում՝ հաշվի առնելով նաև դոլարի կուրսի տատանումները։ Այդ փոխարինած ընկերությունն էլ նույն ղեկավար կազմով է։ Փաստացի՝ ձևական սնականկացում են մեզ ներկայացրել։ Մեր փողերով կառուցված շենքերը գրավի տակ են «Ամերիա բանկ»-ում, իսկ բանկն էլ չի համաձայնում գումար մեզ տալ և այլ պայմաններ է առաջարկում շատ ավելի բարձր գներով»,-ասաց ակցիայի մասնակիցներից մեկը։

Նրանք նշեցին, որ դիմել են վարչապետին, սակայն Նիկոլ Փաշինյանը նրանց ասել է՝ պետական բյուջեից որևէ գումար չի պատրաստվում հատկացնել, քանի որ «Գլենդել Հիլզ»-ը մասնավոր ընկերություն է եղել։

Այժմ ակցիայի մասնակիցներն ակնկալում են հանդիպել Փաշինյանին և անձամբ հայտնել իրենց խնդրի մասին, ինչպես նաև պատրաստվում են դիմել ԱԱԾ։