Օրեր առաջ հայտնի դարձավ, որ հարուցվել է քրեական գործ «Մարտիկ» հիմնադրամում արձանագրված չարաշահումների դեպքի առթիվ։ Ստացվում է՝ զինվորներին «օգնելու» նպատակով բացված «Մարտիկ» հիմնադրամը չի գործել ըստ կանոնադրային նպատակների: 

Այն, որ տարիներ շարունակ պահանջվել է ներկայացնել, թե հիմնադրամում կուտակված գումարներով ինչ ծրագրեր է իրագործվել, ինչ գումարներ է ծախսվել բանակի համար, և այն, որ մինչ այս չէր բացահայտվել, վկայում է այն մասին, որ ինչ-որ անձնական շահ կա, որը գերակա է, քան երկրի անվտանգությունը: Սակայն հիմնադրամի վերաբերյալ հարցերն ավելի են խորացել հատկապես 2016–ի ապրիլյան պատերազմի օրերին, երբ ի հայտ են եկել բանակում առկա տարբեր խնդիրները:

Նկատենք, որ «Մարտիկ»-ի հիմնադիրների ցանկում են Սերժ Սարգսյանը, Սեդրակ Սեդրակյանն ու Արթուր Աղաբեկյանը: Այն հիմնադիրներից բացի ունի նաև հոգաբարձուների խորհրդի անդամներ, որոնց քարոզչությամբ էլ պետք է ավելանա հիմնադրամի մասնակիցների թիվը: Այսպիսով, նրանց թվում են նախկին նախագահներ Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը, Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն, Արցախի հերոս, նախկին փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը, ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանը և այլք: Հատկանշական է նաև, որ ըստ կանոնադրության՝ հիմնադրամի գումարները կարող են ծախսվել միայն Նախագահի, Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Պաշտպանության նախարարի համաձայնությամբ:

«Քրեական գործ են հարուցել, լավ են արել»,- ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հարցին ի պատասխան ասաց ԼՂ նախկին փոխվարչապետ, Արցախի հերոս, «Մարտիկ» հիմնադրամի նախկին նախագահ Արթուր Աղաբեկյանը՝ չցանկանալով ավել որևէ բան ասել։

Նշենք, որ դեռևս 2011թ.-ին, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը դատի էր տվել «Մարտիկ»-ին: Այն Արդարադատության նախարարությունից պահանջում էր տրամադրել հիմնադրամի կողմից ներկայացված հաշվետվությունների օրինակները, որն այդպես էլ չի ստացվել: ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում ասաց՝ հատկանշական է, որ «Մարտիկ»-ը հիմնադրվել է այն ժամանակվա Պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի և նրա տեղակալ Արթուր Աղաբեկյանի քավորությամբ:

«Պաշտոնական անձինք ստեղծել են մի հիմնադրամ և ստիպել զինվորներին վճարել իբրև թե կամավորական  հիմունքներով, սակայն հիմնադրամի գումարները զինծառայողներից հավաքվել են հարկադրաբար: Գլխավոր դատախազության կողմից քրեական գործ հարուցելը՝ զուտ գումարները ոչ արդյունավետ օգտագործելու համար՝ որակում եմ գլխավոր հանցագործությունը կոծկելու անգրագետ մոտեցում: Բարի լինեն՝ կարևոր խնդիրը՝ պաշտոնեական դիրքի չարաշահմամբ, մարդկանց ստիպելու միջոցով գումարներ հավաքելու հիմքով քրեական գործ հարուցեն: Պետք է ի վերջո պարզվի՝ որտեղ է հիմնադրամը ծախսել գումարները: Իսկ Սեդրակյանի հեռացումը պայմանավորել «Մարտիկ» հիմնադրամով՝ կլիներ քավության նոխազի տարբերակը:»,- ասաց Սաքունցը: 

Ըստ նրա՝ պետք է պատասխանատվության ենթարկվեն «Մարտիկ»  հիմնադրամի հիմնադիրները՝ Սերժ Սարգսյանը, Արթուր Աղաբեկյանը. «Այդ կոռուպցիոն մեխանիզմն իրենք են հիմնադրել, որին հետևեց մյուս նմանատիպ հիմնադրամների ստեղծումը, այսինքն՝ այն կոռուպցիոն վարակիչ գաղափար է, որի օրինակը ցույց են տվել հենց նրանք՝ Պաշտպանության ն:ախկին նախարարն ու տեղակալը: Բացառիկ թույլիկ, խղճուկ այդ մոտեցումը, քավության նոխազների միջոցով պատասխանատվությունից խուսափելու, սովորական հանցագործություն կատարած անձի հոգեբանական խղճուկ վարքագիծն ուղղակի ապշեցուցիչ է: Հռետորական հարց՝ դուք էիք, հա՞ հայրենասիրությունից խոսում, ամո՛թ է»:

Նրա խոսքով՝ նախևառաջ պետք է կոռուպցիոն մեխանիզմի հիմնադիրները պատասխանատվության ենթարկվեն, որից հետո դրվի նպատակահարմարության հարցը՝ լուծարե՞լ հիմնադրամը, թե՝ ոչ:

Հիշեցնենք՝ պարզվել է, որ 2008-2017 թթ. ընթացքում «Մարտիկ» հիմնադրամի գործադիր տնօրենի կատարած վարչական ծախսերը 10 տոկոսով գերազանցել են ընդհանուր ծախսերը. գերածախսը կազմել է ընդհանուր 26.191.377 ՀՀ դրամի։ Այդպիսով, խախտվել են «Մարտիկ» հիմնադրամի կանոնադրության 5.5 կետի պահանջները, ինչի արդյունքում էական վնաս է պատճառվել հիմնադրամին՝ առաջացնելով ծանր հետևանքներ: 

Սոնա Հարությունյան