Օրերս հայկական բլոգոսֆերայում տարածված մի ուշագրավ տեղեկատվության համաձայն՝ Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությանն իր գործուն մասնակցությունն է ունեցել նաև «Կյանքի Խոսք» անունը կրող աղանդավորական կազմակերպությունը: Գուցե այս տեղեկատվությունը ժամանակի ընթացքում կորչեր հարուստ լրահոսում, սակայն հիմա էլ նոր սկանդալային հայտարարությամբ է հանդես եկել վարչապետ Փաշինյանի աշխատակազմի գործերի կառավարիչ Գևորգ Աճեմյանը, հաստատելով, որ ինքը «Կյանքի խոսք»-ի անդամ է. «Ես այդ դավանանքի հետևորդ եմ, ես «Կյանքի խոսք» եկեղեցուց եմ, իմ հավատքը դա է»։ Դեռևս ամիսներ առաջ , երբ թավշյա հեղափոխությունը մտնում էր ամենաեռուն փուլ՝ մի շարք հրապարակումներ եղան , որ շարժման թիկունքում կանգնած են նաև աղանդավորական շարժումներ, կազմակերպություններ: Այն ժամանակ սակայն, տպավորություն էր, որ նման լուրերի տարածումը ունի շարժումը վարկաբեկելու հստակ նպատակ, և ոչ այլ ինչ է քան սև փիառի տեխնոլոգիա: Սակայն այսօր իրավիճակը այլ է:
 
 
Գլխավոր հարցը հետևյալն է, եթե անգամ աղանդավորական շարժումները և կառույցները այս կամ այն կերպ օժանդակել են նախկին իշխանությունների դա արել են ոչ թե բարի կամքից դրդված, այլ որոշակի ակնկալիքներով: Որո՞նք են այդ ակնկալիքները և ի՞նչ կստանան նրանք այդ աաջակցության դիմաց:Խնդիրը էլ ավելի սուր է դառնում, երբ դիտարկում ենք այն վերջին շրջանում Հայ Առաքելական եկեղեցու և Գարեգին Բ կաթողիկոսի շուրջ տեղի ունեցող զարգացումների համատեքստում: Վարչապետ Փաշինյանը օրերս խախտեց երկար տևած լռությունը, սակայն նրա արձագանքը էլ ավելի շատ տարակուսանք առաջացրեց, քան լռությունը: Հայ Առաքելական եկեղեցու համաշխարհային երիտասարդաց միության հավաքի ավարտական միջոցառմանը ներկայանալը ինքնին աջակցության մեսիջ էր Հայ Առաքելական եկեղեցու առաջնորդին: Եվ ահա ընդամենը մի քանի օր անց վարչապետի թիմի որ վերջին ու շարքային անդամը հայտարարում է աղանդավորական կառույցի անդամ լինելու մասին: Եվ նկատեք՝ որևէ կերպ չի հերքվում թավշյա հեղափոխությանը այդ հսկայական մարդկային և նյութական ռեսուրսների տիրապետող շարժման աջակցությունը: Բայց մյուս կողմից էլ հարց է՝ թիմի ներսում համաձայնեցված էր նման տեղեկատվության տարածումը , թե՞ սա հերթական անգամ միամտաբար «լեզվից՛՛ թռցնելու» արդյունքում նոր իշխանությունների հեղինակության հետ խաղալու հերթական դրվագն է:
 
Ստացվում է անչափ մտահոգիչ պատկեր: Մի կողմից՝ հանրության մի ստվար զանգված պարզապես հեռացել է եկեղեցուց, մի շարք օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով կորցրել վստահությունը , հետևաբար վստահ կարող ենք ասել, որ թուլացել են երկրի հոգևոր հիմքերը: Դրան զուգահեռ աղանդավորական շարժումների ներթափանցումը պետական կառավարման համակարգ իր մեջ հսկայական ռիսկեր է պարունակում: Արդյո՞ք սա մատահոգում է նոր իշխանությանը...