«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

«Արդեն չորս օր է՝ Երեւանը քաղաքապետ չունի: Ինչպես հայտնի է, հուլիսի 9-ին այդ պաշտոնից հրաժարական տվեց Տարոն Մարգարյանը:

Եվ այսօր, «Երեւան քաղաքի ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի համաձայն, Երեւանի ավագանին արտահերթ նիստ կգումարի, որպեսզի ընդունի քաղաքապետի հրաժարականն ու որոշի նոր քաղաքապետի արտահերթ ընտրության օրը: Ըստ օրենքի' դա կարող է լինել մեկ ամսվա ընթացքում, իսկ մինչ այդ պետք է խմբակցությունները թեկնածուներ առաջադրեն: Սակայն դեռ ո՛չ ՀՀԿ-ն, ո՛չ «Ելք»-ը չեն շտապում հայտնել իրենց որոշումների մասին:

Իսկ այսօրվանից սկսած մինչեւ ընտրության օրը քաղաքապետի պարտականությունները կդրվեն Կամո Արեյանի վրա: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Տարոն Մարգարյանի հրաժարականից հետո վարչական շրջանների ղեկավարները եւս ցանկացել են դիմում գրել եւ դուրս գալ, սակայն մեր տեղեկություններով' ՀՀԿ-ից, ինչպես նաեւ անձամբ Մարգարյանը նրանց հորդորել են դեռ այդպիսի բան չանել եւ սպասել, մինչեւ հասկանան, թե ով կարող է փոխարինել Մարգարյանին, կամ ինչ զարգացումներ կլինեն մեկ ամիս անց:

Մեր տեղեկություններով' ՀՀԿ-ն հակված է պահել, իրենց թեկնածուն առաջադրել, իսկ ահա «Ելք»-ում ավելի շատ հակված են գնալ ավագանու արտահերթ ընտրությունների անցկացման ճանապարհով: Եթե այդպես լինի, ապա ընտրությունները տեղի կունենան սեպտեմբերին»:

Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: