Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականն ընդունվեց։ Նոր քաղաքապետի ընտրության երկու հնարավոր սցենար կա։ Օրենսդրական պահանջով քաղաքապետն ընտրվում է ավագանու գործող կազմից, իսկ եթե թեկնածու չի առաջադրվում կամ առաջադրված միակ թեկնածուն չի ստանում բավարար քանակությամբ կողմ ձայներ, անցկացվում են ավագանու նոր ընտրություններ։

Եթե գնում ենք առաջին սցենարով, ապա ցանկացած պարագայում ունենում ենք վստահության խնդիր։ ՀՀԿ խմբակցությունում կան փորձառու գործիչներ, ովքեր տիրապետում են կառավարման մեթոդներին, գործադիր աշխատանք կատարելու, կազմակերպելու հմտություններ ունեն, օրինակ՝ հենց Կամո Արեյանը, ով տասը տարուց ավելի է՝ զբաղեցնում է քաղաքապետի առաջին տեղակալի պաշտոնը։ ՀՀԿ-ն, սակայն, լեգիտիմության լուրջ խնդիր ունի։ Հանրությունը մերժողաբար է տրամադրված Հանրապետական կուսակցության նկատմամբ՝ համարելով, որ կուսակցությունն ամբողջությամբ թաթախված է կոռուպցիայի մեջ։

Ավագանու «Ելք» խմբակցությունում չկան լուրջ քաղաքական լիդերներ, գործիչներ, որ կարող են հավակնել Երեւանի քաղաքապետի պաշտոնին։ Ավագանու այն գործիչները, որ կարող էին ընդունելի լինել այդ պաշտոնում, տեղափոխվել են Ազգային Ժողով կամ նշանակումներ են ստացել գործադիրում։ Եվ պատահական չէ, որ «Ելք»-ն առաջարկում է գնալ իրադարձությունների զարգացման 2-րդ սցենարով՝ գալ համաձայնության քաղաքապետի թեկնածու չառաջադրելու վերաբերյալ եւ կազմակերպել ավագանու արտահերթ ընտրություններ։ Ավագանիում ներկայացված երրորդ քաղաքական ուժը՝ «Երկիր Ծիրանի»-ն,  կարող է առաջադրել Զարուհի Փոստանջյանի թեկնածությունը։ Դա, սակայն, կլինի սոսկ առաջադրում՝ առանց որեւէ ակնկալիքի։ Չի կարող 65 հոգանոց ավագանիում երեք կողմնակից ունեցող քաղաքական ուժը քվեարկությունում հաղթել, հատկապես, որ ժողովրդի աջակցության տեսանկյունից էլ տվյալ գործիչը ոչ միարժեք է ընդունվում։

Թավշյա հեղափոխության օրերի՝ Փոստանջյանի գործունեությունը լուրջ քննադատությունների է ենթարկվել։ Նրա թեկնածությունը հավասարապես մերժելի է ավագանու թե՛ ՀՀԿ, թե՛ «Ելք» խմբակցությունների համար։ Եվ վերջապես, կա խնդրի առավել քաղաքական կողմը։ Այսօրվա Երեւանի ավագանին չի արտացոլում ուժերի իրական հարաբերակցությունը։ Երեւանի քաղաքապետի պաշտոնը նշանակությամբ, ազդեցիկությամբ պակաս չէ նախարարի քաղաքական պաշտոնից, ուրեմն եւ պետք է ամեն ինչ անել հանրության լայն շրջանակների վստահությունը վայելող, լեգիտիմ քաղաքապետ ունենալու համար։ Այդ տեսանկյունից՝ միանշանակ ճիշտ կլինի ավագանու նոր ընտրության կազմակերպումը։ Այստեղ հավակնություններ կարող են ունենալ ավագանու այսօրվա կազմում չընդգրկված կուսակցություններ։ «Բարգավաճ Հայաստան»-ն արդեն իսկ բարձրաձայնել է ընտրությանը մասնակցելու մտադրության մասին։ ՀԱԿ-ն է տարբեր առիթներով հայտարարել, որ նոր Հայաստանում օրինական ընտրությունների անցկացման նախադրյալներ կան, եւ իրենք կմասնակցեն բոլոր տեսակի ընտրություններին։ Թեպետ, երեւանցին կարող է հիշել ՀԱԿ-ի վերաբերմունքը 2009-ի ավագանու աշխատանքներին, երբ այդ քաղաքական ուժը, հաղթահարելով անհրաժեշտ շեմն, այդպես էլ մինչեւ վերջ բոյկոտեց ավագանու աշխատանքները՝ տեղ չհասցնելով իր ընտրողների պատվիրանները։

Նոր Հայաստանում լուրջ դերակատարում կարող են ունենալ նաեւ նոր քաղաքական ուժերը։ Սպասելի է, որ դաշտի թարմացումը սկսվի հենց Երեւանի ավագանու ընտրություններից։ Բնակչությունը կարող է վստահել հայտ ներկայացնող նոր քաղաքական ուժերին, որոնց առաջնորդների կենսագրության մեջ սեւ բծեր չկան, որոնք նախկինում չեն արատավորվել։ Ավագանու արտահերթ ընտրության անցկացմանը կարող է խանգարել մեկ հանգամանք, միայն՝ եթե ՀՀԿ-ն որոշի թեկնածու առաջադրել եւ անցկացնել։ ՀՀԿ-ն «Ելք»-ի առաջարկած մեխանիզմը մերժելու քայլ այսօր արդեն արեց՝ քվեարկությամբ անցակցնելով քաղաքապետի ընտրության օրակարգով ավագանու նիստն անցկացնել ոչ թե օգոստոսի 8-ին, այլ հուլիսի 16-ին։ ՀՀԿ-ն, այսպիսով, կա՛մ թեկնածու է մտադիր առաջադրել, կա՛մ պարզապես ազդեց ավագանու արտահերթ ընտրության ժամկետի վրա։ Եթե ավագանու գործող կազմից քաղաքապետ չընտրվի, ուրեմն արտահերթ ընտրությունները կկայանան օգոստոսի վերջին, առավել նպատակահարմար սեզոնի՝ սեպտեմբերի փոխարեն։ Եթե ՀՀԿ-ն փորձի քաղաքապետ ընտրել գործող կազմից, ապա նոր հարցեր էլ են առաջանալու՝ կարողանալո՞ւ է նա աշխատել գործող կառավարության հետ՝ չունենալով բնակչության աջակցությունը։Համենայն դեպս, ավագանու «Ելք» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը վստահաբար հայտարարեց, որ թեկնածու առաջադրելու դեպքում ՀՀԿ-ն կբարդացնի իր իսկ վիճակը։

Վարդան Վարդանյան